ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երախտագիտություն է հայտնել Վրաստանին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի բանակցություններին նպաստելու համար: Քաղաքական գործիչն այս մասին գրել է Twitter-ում:
«ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի կողմից 15 հայ ձերբակալվածների ազատ արձակումը: Մենք երախտապարտ ենք Վրաստանի կառավարությանը՝ կողմերի միջեւ բանակցություններին նպաստելու գործում նրա կենսական կարեւոր դերի համար: Նման քայլերը տարածաշրջանի ժողովուրդներին կմոտեցնեն խաղաղ ապագային, որին նրանք արժանի են»,- գրել է պետքարտուղարը:
Բացի այդ, ԱՄՆ Պետդեպարտամենտը Facebook-ի իր պաշտոնական էջում հաղորդագրություն է հրապարակել։
«Մենք շարունակում ենք կոչ անել վերադարձնել բոլոր ձերբակալվածներին եւ պատրաստ ենք օգնել տարածաշրջանի երկրներին` համագործակցությունը շարունակելու եւ առկա խնդիրները լուծելու նրա ջանքերում:
Մենք նաեւ շարունակում ենք կոչ անել Հայաստանին եւ Ադրբեջանին վերսկսել հանդիպումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հակամարտության համապարփակ քաղաքական կարգավորման բանակցությունների համար»,- ասված է հայտարարության մեջ: