Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության աճ է նկատվում։ Ադրբեջանի զինված ուժերը այսօր առավոտից Ղարաբաղի հետ սահմանին ավիացիոն ուժեր են կուտակում։ Փոխանցում է Azatutyun.am-ը:
Ղարաբաղի պաշտպանության բանակը հաղորդում է, որ առավոտյան 08.26-ից առաջնագծի հարավարևելյան ուղղությամբ հակառակորդի օդուժը ուսումնամարզական թռիչքներ է սկսել իրականացնել։ Ժամը 11.00-ի դրությամբ թռիչքներին ներգրավված է եղել 12 ինքնաթիռ և 41 ուղղաթիռ։ Պաշտպանության բանակը վստահեցնում է, որ հակաօդային պաշտպանության ուժերը ռադիոլոկացիոն, կրակային և դիտարկման համակարգերի միջոցով վերահսկում են ադրբեջանական զինուժի ուսումնամարտական թռիչքները և աչալուրջ հետևում դրանց գործողություններին: Այս պահի դրությամբ թռիչքները իրականացվում են շփման գծից 30 կիլոմետր խորության վրա։
Պաշտոնական Ստեփանակերտում Ադրբեջանի գործողությունները պրովոկացիա են համարում: Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի կարծիքով, թռիչքները կարող են պլանային լինել, բայց լարվածության մեծացման և պատերազմի վտանգ միշտ էլ կա:
«Ադրբեջանը իր ապակառուցողական քաղաքականությունից զերծ չի մնում»,- կարծիք է հայտնել Բաբայանը:
Իրավիճակի փոփոխություն է եղել նաև առաջնագծում։ Մոտ մեկ ու կես ամիս տևած դադարից հետո ադրբեջանական զինուժը կրկին սկսել է ականանետերից կրակել։ Պաշտպանության բանակի խոսնակ Սենոր Հասրաթյանը տեղեկացնում է, որ գիշերը ժամը 02.00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան՝ Սեյսուլանի ուղղությամբ տեղակայված ՊԲ դիրքերից մեկի վրա հակառակորդը 60 մմ-ոց ականանետից արձակել է երկու արկ: Հասրաթյանը շեշտում է, որ ապրիլյան սրացումներից հետո ադրբեջանական կողմը վերջին անգամ հայկական դիրքերի ուղղությամբ ականանետ է կիրառել մայիսի 29-ին:
Գիշերն ընդհանուր առմամբ ադրբեջանական կողմը 26 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը։ Պաշտպանական Բանակի տվյալներով, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 250 կրակոց։ Ղարաբաղի զինված ուժերը վստահեցնում են, որ հետևում են հակառակորդի գործողություններին։