Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը 75-րդ նստաշրջանի շրջանակներում ընդունեց Վրաստանի և 57 երկրների նախաձեռնած բանաձևը՝ «Աբխազիայից, Վրաստանից և Ցխինվալիի շրջանից / Հարավային Օսեթիա, Վրաստան բռնի տեղահանված անձանց և փախստականների կարգավիճակի մասին: Այս տարի բանաձևին աջակցեցին 80 պետություններ: Տեղեկատվությունը տարածում է ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցչությունը:
«Ինչպես անցյալ տարի, այս տարի ևս ՄԱԿ-ի անդամ երկրներին հնարավորություն տրվեց համահեղինակել բանաձևը և այդպիսով էլ ավելի ակտիվորեն ներգրավվել ռուսական ագրեսիայի և օկուպացիայի արդյունքում ստեղծված ծանր մարդասիրական իրավիճակը կարգավորելու միջազգային ջանքերում: Արդյունքում, բանաձևի համահեղինակների շարքերը համալրեցին աշխարհի 57 տարբեր երկրներ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելացած ցուցանիշ է: Այս փաստը ցույց է տալիս, որ բանաձևն արդեն համաշխարհային նախաձեռնություն է», – ասում է ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցչության տեղեկության մեջ:
Վրաստանը այս բանաձևը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողողովին ներկայացնում է 2008 թվականից: Բանաձևը դատապարտում է բռնի ժողովրդագրական փոփոխությունը Վրաստանի օկուպացված շրջաններում, հաստատում է տեղահանվածների իրավունքը՝ անկախ էթնիկ պատկանելությունից, արժանապատիվ և անվտանգ կերպով վերադառնալու իրենց տները, և ընդգծում նրանց սեփականության իրավունքները հարգելու և պաշտպանելու անհրաժեշտությունը:
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհակալություն է հայտնում բոլոր այն պետություններին, որոնք աջակցել են բանաձևին և դարձել են նախաձեռնության համահեղինակ: