Առանց քարոզի․ Հայաստանում այսօր լռության օր է

Առանց քարոզի․ Հայաստանում այսօր լռության օր է

Երեկ ավարտվեց հունիսի 20-ին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Այսօր լռության օր է։ Նախընտրական քարոզչությունն ընտրություններին մասնակից ուժերի կողմից արգելվում է։

Քարոզարշավը մեկնարկել էր հունիսի 7-ին: 12 օր շարունակ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերը երկրի տարբեր բնակավայրերում հանդիպումներ են ունեցել ընտրողների հետ, ներկայացրել իրենց ընտրական ծրագրերը:

Հիշեցնենք՝ 8-րդ գումարման ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք:

Հայաստանում ընտրությունների լուսաբանման համար հավատարմագրվել են օտարերկրյա 49 և տեղական 68 լրատվամիջոցներ։

Դիտորդական առաքելություն կիրականացնեն միջազգային 8 և տեղական 19 կազմակերպություններ։

Ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալի` Հայաստանում ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 583 հազար 823 անձ։ Հանրապետության ողջ տարածքում 38 ընտրատարածքներում կգործի 2008 տեղամաս։