Վրաստանը պատրաստ է եռակողմ ձևաչափով համագործակցել Ադրբեջանի և Հայաստանի հետ, զարգացնել տնտեսական համագործակցության հատուկ նախագծեր և գաղափարներ: Moscow-Baku պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին «Հարավային Կովկաս. տարածաշրջանային խաղաղության և համագործակցության նոր հնարավորություններ» թեմայով քննարկման ժամանակ, որն անցկացվում է Անթալիայում:
«Վստահ եմ՝ մեր հարևանները նույնպիսի դիրքորոշում ունեն», – ասել է Վրաստանի ԱԳ նախարարը:
Նա նշել է, որ Վրաստանը լավ հարաբերություններ ունի իր հարևանների հետ:
«Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերն է, ինչպես և Թուրքիան: Մենք պատմականորեն սերտ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ: Տարածաշրջանային համագործակցության համար մեծ հնարավորություններ կան: Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև համագործակցության հիանալի գործնական օրինակներ կան: Մենք մասնակցում ենք Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում, Բաքու-Թբիլիսի-Կարս, Հարավային գազային միջանցք և այլ նախագծերին: Այս ուղերձը մենք ուղարկում ենք տարածաշրջանի այլ երկրներին, մեր հայ գործընկերներին: Մենք պատրաստ ենք եռակողմ ձևաչափով համագործակցել Ադրբեջանի և Հայաստանի հետ, զարգացնել տնտեսական համագործակցության հատուկ նախագծեր և գաղափարներ», – ասել է Դավիթ Զալկալիանին:
Նա նաև անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև Վրաստանի միջնորդությամբ ձեռք բերված հումանիտար համաձայնությանը:
«Այդ համաձայնագիրը լավ սկիզբ է: Այս գործընթացը զարգացման ներուժ ունի», – ասել է Զալկալիանին: