ԵՄ դիտորդական առաքելության (EUMM) ներկայացուցիչներն ճանաչողական այցով գտնվում էին Ախալքալաքում: Նրանք հանդիպել են արտակառավարական հատվածի և տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ պարզելու, թե ինչ է կատարվում շրջանում, ինչ խնդիրներ են առաջացել կորոնավիրուսային համավարակի ընթացքում:
ԵՄ առաքելության դիտորդները՝ դեսպան Մարեկ Շիգելի գլխավորությամբ, նախ հանդիպել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են տարածաշրջանի տնտեսական վիճակը, կորոնավիրուսի ազդեցությունը և Ղարաբաղյան պատերազմը տեղացիների կյանքի վրա, անցած և առաջիկա ընտրությունները:
Դրանից հետո դիտորդները հանդիպել են տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ:
Դիտորդները վաղը կհանդիպեն նահանգապետի հետ:
EUMM-ը Եվրամիության անզեն քաղաքացիական դիտորդական առաքելություն է: Առաքելությունն ուղարկվել է 2008-ի սեպտեմբերին, երբ ԵՄ միջոցով վեց կետից բաղկացած համաձայնագիրը ստորագրելուց հետո Օգոստոսյան պատերազմը դադարեցվել էր:
Դիտորդները պարեկում են Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ վարչական սահմաններին հարող տարածքներում: Առաքելությունն ունի շուրջ 200 դիտորդ ԵՄ տարբեր անդամ երկրներից, որոնք աշխատում են տեղում:
Թեպետ Առաքելության հիմնական գործունեությունը նպատակաուղղված է վարչական սահմանի երկայնքով դիտանցմանը, Առաքելությունը հետաքրքրված է նաև Վրաստանում ազգային փոքրամասնությունների խնդիրներով, մարդու իրավունքներով, գենդերային խնդիրներով և շատ այլ հարցերով: