Վրաստանի 10 քաղաքացի, որոնք մասնակցել են Գերմանիայում սեզոնային զբաղվածության ծրագրին, վաղը կվերադառնան տուն:
Աշխատակիցներից Ջաբա Չաչանիձեն խոսելով վրաստանյան Ինտերպրեսնյուս լրատվական կայքի հետ` նշել է, որ փոխվել է իրենց գործատուն, ինչից հետո նրանց աշխատավարձերը կրճատվել են, և իրենք նրանք գտնվում են ոչ հարմար պայմաններում:
Ըստ Չաչանիձեի` նոր գործատուն մեկ տուփ ելակի համար վճարում է կրկնակի քիչ գումար, մինչդեռ իրենք շատ հաճախ անգամ ստիպված են լինում արտաժամյա աշխատել` առանց դադարի:
Ջաբա Չաչանիձեն նշում է, որ Գերմանիայում ժամանակավորապես աշխատող վրացիները հայրենիք վերադառնալուց հետո ծրագրում են դատական գործ սկսել Վրաստանի զբաղվածության գործակալության դեմ՝ կորուստների փոխհատուցման պահանջով:
Հատկանշական է, որ անցյալ ամիս էլ Վրաստանի արհեստակցական միությունն էր հայտարարություն տարածել ` նշելով, թե իրենց տվյալներով՝ Վրաստանի 24 քաղաքացի, ովքեր երկրից սեզոնային աշխատանքի են մեկնել Գերմանիա, գտնվում են աշխատանքային ծանր պայմաններում: aliq.ge