Կորոնավիրուսը իր մեծ ազդեցությունը ունեցավ զբոսաշրջության վրա, այնքան մեծ, որ կաթվածահար արեց այդ ոլորտը Վրաստանում, շատերը չկարողացան մեկնել հանգստանալու, անգամ տեսնելու իրենց հարազատներին։
«Ես Հայաստանի հանրապետության քաղաքացի եմ, ամուսնացել եմ Վրաստանում։ Մեկ տարուց ավել է չէի եղել Հայաստանում։ Ցանկանում էի գնալ, հանգստանալ, տեսնել իմ հարազատներին, բայց սահմանը փակվեց։ Հիմա բացվել է սահմանը եւ որոշեցի գնալ: Գնացի 72 ժամով և գրեթե ոչինչ չհասցրեցի անել, եղան շատ դժվարություններ սահմանը հատելու հետ կապված։ Մեծ գումար է հարկավոր։ Թեստի համար 15 000 դրամ վճարեցի Հայաստանում, իսկ Վրաստանում՝ 100 լարի։ Բացի այդ թեստ հանձնելուց հետո ինձ ասացին, որ հաղորդագրություն կգա հեռախոսահամարիս թեստի պատասխանի մասին։ Անցավ որոշ ժամանակ և հաղորդագրություն չեկավ, ես անհանգստացա, որովհետև տուգանքը 2000 լարի է, զանգահարեցի լաբորատորիա, այնտեղից ասացին, որ շաբաթ կիրակի է, մենք չենք աշխատում։ Զանգահարեցի ոստիկանություն և ներկայացրի իմ խնդիրը և տվյալները, այնտեղից ասացին, որ տանից դուրս չգաք մինչև կարգավորվի ձեր խնդիրը։ Ոստիկանության հետ խոսակցությունը ավարտելուց 5 րոպե անց` թեստի պատասխանը եկավ հեռախոսահամարիս։ Հիմա ինչպես հասկանալ, արդյո՞ք սա բիզնես չէ, որի միջոցով ես 2000 լարի տուգանքի տակ պետք է հայտնվեի»,- ասում է բնակիչը։
Մեր այն հարցին թե արդյոք այս թեստային պայմաններում կրկին կմեկնի Հայաստան, բնակիչը պատասխանեց. «Ոչ, էլ երբեք այսպիսի պայմաններով սահմանը չեմ հատի։ Բազում խնդիրներ և շատ գումար։ Բացի այդ ոչ Հայաստանի, ոչ էլ Վրաստանի անցակետերում չեն զգուշացնում քաղաքացիներին կորոնավիրուսով պայմանավորված պայմանների մասին»։
Մեր հաջորդ զրուցակիցը նունպես Հայաստանի քաղաքացի է, ամուսնացել է Վրաստանում և նախորդ զրուցակցի հետ հարևաններ են։ Լսելով իր հարևանի պատմությունը` դժվարությունների և ծախսերի մասին, այլևս չի ցանկանում մեկնել Հայաստան, չնայած, որ ահավոր շատ է կարոտել իր հարազատներին, հայրենիքին։
«Լսելով հարևանիս պատմությունը այլևս չեմ ցանկանում գնալ Հայաստան։ Սահմանը հատելու միակ հեշտ տարբերակը պատվաստումն է, սակայն ես պատվաստանյութերին չեմ վստահում և չեմ պատրաստվում պատվաստվել»,- ասում է բնակիչը։
Մադաթափա լիճ էին այցելել մի շարք զբոսաշրջիկներ՝ Իրանից, Ավստրալիայից և Վրաստանի տարբեր շրջաններից։
Կախեթիից Գեորգի Ախալկացիշվիլին ով նույնպես Մադաթափա լճի գեղատեսիլ բնության գիրկն էր այցելել, մեզ հետ զրույցում ասաց.
«Այսպես թե այնպես կորոնավիրուսի ընթացքում փորձում էի ճանապարհորդել, բայց հիմա մտածում եմ, որ կորոնավիրուսով վարակվելու վախը ավելի շատ էր և չէր թողնում ճանապարհորդել։ Հիմա առաջին անգամն եմ դուրս եկել և հասկանում եմ, որ սա է մեր իրականությունը և ստիպված այսպես պետք է ապրենք։ Կորոնավիրուսի պատճառով հարկավոր չէ զրկանքներ կրել, պետք է հետևել կանոնակարգերին, պաշտպանվել և առաջ շարժվել։ Այսօր ես դուրս եմ եկել, առանց դիմակի կանգնել եմ այստեղ ու մաքուր օդ եմ շնչում, պաշտպանելով սահմանված կանոնակարգերը»։
Մենք նաև զրուցեցինք Մադաթափայի ռենջեր Գագիկ Մարկոսյանի հետ.
«Նախքան կորոնավիրուսի ի հայտ գալը այստեղ մեծ թվով զբոսաշրջիկներ էին գալիս աշխարհի ցանկացած կետից, սակայն գերակշռող մասը Գերմանիայից էին։ Կորոնավիրուսի ընթացքում զբոսաշրջիկների ներհոսքը նվազեց և գրեթե ոչ մի զբոսաշրջիկ չկար։ Հիմա արդեն աստիճանաբար սկսել են այցելել և սա շատ կարևոր է, քանի որ նրանց հայտնվելը օգուտ է բերում տեղի բնակիչներին»։
Մանրամասները՝ աուդիոնյութում.