Հունիսի 25-ին Վրաստանում ԵՄ դեսպան Կառլ Հարցելը այցելել էր Փոթի՝ նշելու Ծովագնացների միջազգային օրը: Նա անձամբ շնորհավորեց Բաթումի պետական ծովային ակադեմիայի մասնաճյուղի` Փոթիի ծովային կրթության և ուսուցման կենտրոնի ծովագնացներին և ուսանողներին:
«Սև ծովը ոչ թե բաժանում է ԵՄ-ն ու Վրաստանը, այլ միավորում է մեզ: Վրաստանի իշխանությունները որպես առաջնահերթություն են սահմանել Սև ծովի միջոցով ԵՄ-Վրաստան տրանսպորտային կապի ամրապնդմումը: Դա նաև քաղաքական գերակայություն է, որին ԵՄ-ն լիովին սատարում է: Մենք նաև հավատում ենք, որ Վրաստանն ունակ է վերածվելու Ասիայի և Եվրամիության միջև հանգույցի: Դա է պատճառը, որ մենք աջակցում ենք ԵՄ-ի և Վրաստանի միջև կայուն, կանոնների վրա հիմնված ու անվտանգ տրանսպորտային կապին» – ասել է Կառլ Հարցելը:
Դեսպանը հիշեցրել է, որ ԵՆԲ ուղղակի աջակցության և ԵՄ դրամաշնորհային ֆինանսավորման միջոցով Վրաստանում՝ Արևելք-Արևմուտք մայրուղու երկայնքով, կառուցվել և կառուցվում են ընդհանուր առմամբ 156 կմ երկարությամբ ճանապարհներ: Այս տարի ԵՄ-ն նոր նախագիծ է մեկնարկել նաև Վրացական երկաթուղիների հետ` այս ոլորտի անվտանգությունն ու փոխգործելիությունը, ինչպես նաև Վրաստանի` որպես տարանցիկ հանգույցի գրավչությունն ամրապնդելու նպատակով:
ԵՄ-ն նաև նպաստել է ծովային ոլորտում անվտանգության, վերապատրաստման և աշխատանքային պայմանների բարելավմանը: «Վրացական դրոշի ներքո նավարկող նավերն այժմ ճանաչված են ամբողջ աշխարհում, վրացի ծովագնացները կարող են աշխատանքի տեղավորվել ԵՄ անդամ պետությունների դրոշակակիր նավերում, տվյալ ոլորտում տեղական աշխատանքային պայմանները դառնում են ավելի անվտանգ, իսկ վրացական ծովային հատվածը՝ ավելի մրցունակ», – ասել է Հարցելը:
ԵՄ փորձագետներն օգնել են նաև պատրաստել Վրաստանի պատմության մեջ առաջին ծովային տրանսպորտի ռազմավարությունը: Ներկայումս ԵՄ-ն և Վրաստանը զարգացնում են կանոնավոր բեռնատար լաստանավային փոխադրման ուղիները և բարելավում են վրացական նավահանգիստների էներգաարդյունավետությունը:
Ժոզեպ Բորելը հանդիպել է Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ
Հունիսի 24-ին ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Բրյուսելում ընդունեց Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալքալիանիին, Մոլդովայի վարչապետի պաշտոնակատար, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Աուրելիու Չոկոյին և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբային: Նրանք քննարկել են Եվրամիության և երեք ասոցացված գործընկերների միջև հետագա ընդլայնված համագործակցության հնարավորությունները:
Հանդիպմանը հաջորդած իր խոսքում Բորելը նշել է, որ «այս տարին կարևոր է Արևելյան գործընկերության համար: Հանձնաժողովի հետ միասին՝ մենք ավարտում ենք 2020 թվականից հետո ժամանակահատվածի օրակարգի մշակման գործընթացը, որը կոնկրետ թիրախային արդյունքներ և նպատակներ է պարունակում»:
Բորելը նաև ողջունել է Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի միջև սերտ համակարգումը, ինչպես նաև Եվրամիության հետ ընդլայնված համագործակցության վերաբերյալ նրանց խնդրանքը: «Մենք պետք է հպարտանանք, որ մեր գործընկերները ցանկանում են ավելի մոտ լինել Եվրոպական միությունը և նույնիսկ անդամակցել դրան», – ասել է Բորելը:
ԵՄ բարձր ներկայացուցիչը հիշեցրել է նաև, որ Ասոցացման համաձայնագրերը, այդ թվում՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտիները, որպես այդպիսին, ամենաընդգրկունն է, որ ԵՄ-ն ստորագրել է իր ցանկացած գործընկերոջ հետ:
«Այս համաձայնագրերի լիարժեք իրականացումը դրանց բոլոր հնարավորություններից, այդ թվում՝ հետագա առևտրային փոխանակումներից, անվտանգության ոլորտում ավելի սերտ համագործակցությունից (խոսքը վերաբերում է այսօր հատկապես արդիական ապատեղեկատվության, կիբեր և հիբրիդային ոլորտներում սպառնալիքներին), շրջակա միջավայրի և կապակցելիության ուղղությամբ օգուտներ քաղելու բանալին է», – ասել է Բորելը:
Բորելը վերահաստատել է, որ դեկտեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովն «այս նոր օրակարգը գործի դնելու և ապագայի ընդհանուր տեսլականի շուրջ համաձայնություն ձեռք բերելու հնարավորություն» կդառնա:
Վրաստանում ԵՄ դեսպանն այցելել է Իմերեթի մարզ՝ ծանոթանալու տեղում ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերին
Հունիսի 23-ին Վրաստանում Եվրոպական միության դեսպան Կառլ Հարցելը այցելել էր Իմերեթի մարզ` ծանոթանալու տեղում ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերին:
Դեսպան Հարցելն Իմերեթիում հանդիպում է անցկացրել 2020 թվականին ԵՄ աջակցությամբ ստեղծված Ծղալտուբոյի տեղական գործողությունների խմբի (ՏԳԽ) հետ: 230 անդամ ունեցող այս խումբը մշակել է տեղական զարգացման երկարաժամկետ ռազմավարություն և կազմակերպել ԵՄ կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի երկու փուլ, ինչի արդյունքում ֆինանսավորվել է գյուղատնտեսության, զբոսաշրջության, սոցիալական հարցերի, մշակույթի, կրթության, սպորտի և երիտասարդության ոլորտների 20 նախաձեռնություն:
Դեսպան Հարցելը հանդիպել է նաև ԵՄ ֆինանսավորում ստացած նախաձեռնությունների ներկայացուցիչների հետ: Նրանք ներկայացրել են իրենց արտադրանքը, ինչպիսիք են մեղրը, գինին, տնայնագործ հացը, բատիկայի ձեռագործ աշխատանքները և այլն:
Ծղալտուբոյի տեղական գործողությունների խումբը Վրաստանում ԵՄ աջակցությամբ գործող տասներկու ՏԳԽ-ներից մեկն է:
ԵՄ-ն դրամաշնորհներ է տրամադրել Վրաստանում սոցիալական ձեռներեցության խթանմանն ուղղված երիտասարդական նախագծերին
«ԵՄ-ն հանուն երիտասարդության» (EU4Youth) նախաձեռնության «Սոցիալական ձեռներեցությունը Հայաստանում և Վրաստանում (SEAG)» ծրագրի շրջանակներում տասներկու երիտասարդական ստարտափ – ծրագրեր կստանան ԵՄ դրամաշնորհներ:
Նշված 12 նախագծերն ընտրվել են ընդհանուր առմամբ 68 երիտասարդական ստարտափներից, որոնք մասնակցել են SEAG ծրագրի՝ 2020 թ. դեկտեմբերին մեկնարկած դրամաշնորհային մրցույթին:
Հաղթող ստարտափները գործում են զբոսաշրջության, հյուրընկալության, արհեստների, խաղալիքների արտադրության, կրթության, նորաձևության և գյուղատնտեսական մեքենայացման ոլորտներում: Այս ձեռնարկություններն աջակցում են այնպիսի սոցիալական առաքելությունների, ինչպիսիք են՝ շրջակա միջավայրի պաշտպանությունը, մշակութային ժառանգության պաշտպանությունը, զբաղվածությունը, նախկինում դատապարտված երիտասարդների վերասոցիալականացումը, կրթությունը, ազգային փոքրամասնությունների ինտեգրումը, սոցիալական տարածությունը և հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավումը:
Առաջին յոթ հաղթող երիտասարդական սոցիալական ձեռնարկությունների հետ դրամաշնորհների ստորագրման արարողությունը տեղի ունեցավ հունիսի 16-ին` հաղթող նախագծերից մեկի` Ռուսթավիում գտնվող «Cafune» սոցիալական սրճարանի տարածքում: Շուտով պայմանագրեր կստորագրվեն նաև մնացած հինգ հաղթողների հետ: Պայմանագրերի ստորագրումից հետո կսկսվի ծրագրերի իրականացումը՝ դրամաշնորհառուների կողմից ներկայացված բիզնես ծրագրերին համապատասխան:
ԵՄ կողմից ֆինանսավորվող «Սոցիալական ձեռներեցությունը Հայաստանում և Վրաստանում (SEAG)» ծրագիրն իրականացվում է 2020 թ. հունվարից՝ «ԵՄ-ն հանուն երիտասարդության» նախաձեռնության շրջանակներում: Ծրագիրն իրականացնում են Mercy Corps Europe-ը՝ վրացական Բիզնես խորհրդատվական կազմակերպությունների ասոցիացիայի (ABCO) և հայկական «Զարգացման սկզբունքներ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: SEAG ծրագրի հիմնական նպատակը Հայաստանում և Վրաստանում սոցիալական ձեռներեցության ոլորտում երիտասարդության (18-29 տարեկան) ձեռնարկատիրական ներուժի ամրապնդումն է: Ծրագիրը Հայաստանի և Վրաստանի ստեղծարար երիտասարդներին ապահովում է կայուն սոցիալական ձեռնարկություններ հիմնելու համար անհրաժեշտ գիտելիքներով ու հմտություններով և աջակցում է սոցիալական ձեռնարկությունների համար բարենպաստ էկոհամակարգի զարգացմանը` երկու երկրներում զարգանալու և բարգավաճելու համար:
Եվրոպական միությունը անձնագրեր ընթերցող սարքեր է տրամադրել Վրաստանի ներքին գործերի նախարարությանը
ԵՄ-ն՝ Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) հետ միասին, անձնագրեր ընթերցող 20 սարք են նվիրել Վրաստանի ներքին գործերի նախարարությանը (ՆԳՆ): 22,000 եվրո (90 000 լարի) ընդհանուր արժեքով սարքերը կնպաստեն անօրինական միգրացիայի դեմ պայքարի և սահմանային անվտանգության բարելավման ուղղությամբ Վրաստանի կառավարության կարողությունների հետագա զարգացմանը:
Նշված սարքերը կտեղակայվեն ՆԳՆ ակադեմիայի հաստատություններում և կնպաստեն սահմանային վերահսկողության սպաների վերապատրաստմանը:
«Սահմանային անվտանգության բարելավումը ԵՄ-ի և Վրաստանի միջև սերտ համագործակցության ուղղություններից է, և ԵՄ-ն վերջին տարիներին մշտապես աջակցում է դրան: Սա Վրաստանի սահմանների ժամանակակից և արդյունավետ կառավարմանն ու վրացիների անվտանգության ապահովմանն ուղղված ԵՄ-ի ավելի լայն աջակցության մի մասն է», – նշել է Վրաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Կատալին Գերմանը:
Անձնագրեր ընթերցող սարքերը նվիրաբերվել են ԵՄ կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն Վրաստանում անվտանգության, հաշվետվողականության և հանցավորության դեմ պայքարի» (SAFE) ծրագրի շրջանակներում:
Կորոնավիրուսային իրավիճակը Վրաստանում. ԵՆԲ-ն կաջակցի 50 միլիոն եվրոյի պատվաստանյութերի և բժշկական սարքավորումների ձեռքբերմանը
Եվրոպական ներդրումային բանկը 50 մլն եվրո է հատկացրել Վրաստանի կառավարությանը՝ COVAX մեխանիզմի միջոցով COVID-19-ի դեմ պատվաստանյութերի, ինչպես նաև COVID-19-ով հիվանդների բուժման համար անհրաժեշտ այլ բժշկական սարքավորումներ ձեռքբերմանը:
«Այս հատկացումը մեզ հնարավորություն կտա պատվաստանյութերի գնման, առողջապահական հիմնական ենթակառուցվածքների արդիականացման և ժամանակակից բժշկական սարքավորումների ձեռքբերման միջոցով պայքարել համավարակի դեմ՝ աջակցելով առաջնագծում պայքարող անձնակազմին և հիվանդանոցային հաստատություններին», – ասել է Վրաստանի օկուպացված տարածքների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Եկատերինե Տիկարաձեն, ով պատասխանատու է երկրում COVID-19-ի դեմ պայքարի համար:
Ներկա դրությամբ՝ սա Եվրոպական միության բանկի կողմից Վրաստանին ուղղված երկրորդ խոշորագույն մեկանգամյա հատկացումն է: Այն նաև Վրաստանի առողջապահական համակարգին ԵՆԲ-ի կողմից տրամադրված 100 միլիոն եվրոյի COVID-19 օժանդակ փաթեթի մաս է կազմում:
Միայն 2020 թ.-ին ԵՆԲ խումբը 210 միլիոն եվրոյի վարկեր և երաշխիքներ է տրամադրել ի աջակցություն Վրաստանի առողջապահական համակարգի դիմակայունությանն ու COVID-19 համավարակից տնտեսական վերականգնման արագացմանը: ԵՄ բանկի կողմից այս աջակցության փաթեթից 100 միլիոն եվրոն ուղղվել է Վրաստանի առողջապահության ոլորտի դիմակայունության ամրապնդմանը, իսկ 110 միլիոն եվրոն՝ Վրաստանի ֆինանսական հաստատություններին՝ տեղական միկրո և փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) միջնորդավորված վարկավորման համար:
2020 թ.-ին Վրաստանի առողջապահության ոլորտին ուղղված ԵՆԲ աջակցությունը թույլ տվեց արդիականացնել հինգ կարևոր հիվանդանոցներ և կլինիկաներ ամբողջ երկրում, ձեռք բերել ժամանակակից բժշկական սարքավորումներ, իսկ տեղական ֆինանսական հաստատություններին հնարավորություն ընձեռեց ստեղծել նոր վարկային գծեր տեղական ընկերությունների համար՝ իրացվելիության խնդիրներին արձագանքելու, աշխատատեղերը պահպանելու և դրանց ներդրումները կամ ընդլայնման ծրագրերը ֆինանսավորելու նպատակով:
Վրաստանի տնտեսության արագ վերականգնման օժանդակությունը ներառում է լրացուցիչ 250 միլիոն եվրո, որը տրամադրվել է ԵՆԲ խմբի մաս հանդիսացող Եվրոպական ներդրումային հիմնադրամի կողմից երաշխիքների տեսքով: Այս երաշխիքները բխում են Եվրոպական ներդրումային բանկի և Եվրոպական հանձնաժողովի համատեղ «InnovFin» նախաձեռնությունից, որն ուղղված է աջակցելու ԵՄ-ում և գործընկեր երկրներում նորարարական ՓՄՁ-ներին:
ՎԶԵԲ-ը 50 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարում վրացական «կանաչ» պարտատոմսերի ուղղությամբ
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 50 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարում Վրաստանի ազգային երկաթուղային ընկերության՝ Վրացական երկաթուղիների (ՎԵ) թողարկած առաջին «կանաչ» պարտատոմսերի ուղղությամբ:
Ընդհանուր առմամբ թողարկվել է 500 միլիոն ԱՄՆ դոլարի պարտատոմս՝ յոթ տարի մարման ժամկետով: Հունիսի 10-ին գնահատված և տեղական ու միջազգային ներդրողների կողմից բաժանորդագրված, հունիսի 17-ին էլ տեղաբաշխված պարտատոմսերը վաճառքի են հանվելու Լոնդոնի ֆոնդային բորսայում:
Ստացված հասույթը կուղղվի ՎԵ-ի գործող պարտատոմսերի վերաֆինանսավորմանը, որոնք ենթակա են մարման 2022 թվականին: Պարտատոմսերի զուտ հասույթին հավասար գումարը կօգտագործվի ՎԵ-ի կողմից պատրաստված և Կապիտալի շուկայի միջազգային ասոցիացիայի «Կանաչ» պարտատոմսերի սկզբունքներին համահունչ «կանաչ» պարտատոմսերի համակարգի շրջանակներում ընտրված «կանաչ» նախագծերի ֆինանսավորման կամ վերաֆինանսավորման համար:
«Սա նշանակալի գործարք է Վրացական երկաթուղիների և Վրաստանի համար: ՎԶԵԲ-ը նախատեսում է մեծացնել տարածաշրջանում իր «կանաչ» ֆինանսավորման ծավալները` աջակցելու երկրների և ձեռնարկությունների անցմանը զրոյական արտանետումներին», – նշել է ՎԶԵԲ տնօրեն և Եվրասիայի ենթակառուցվածքային բաժնի ղեկավար Եկատերինա Միրոշնիկը:
ՎԶԵԲ-ն առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է Վրաստանում: Մինչ օրս Բանկն ավելի քան 4 միլիարդ եվրո է ներդրել ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտների 262 նախագծերում, ընդ որում՝ դրանց 79 տոկոսը կատարվել է մասնավոր հատվածում:
ԵՄ-ն սերտորեն կհամագործակցի Հայաստանի բոլոր հաստատությունների, այդ թվում՝ նորընտիր խորհրդարանի և կառավարության հետ
Եվրոպական միությունը հավատարիմ է Հայաստանի կայուն, ժողովրդավարական և բարեկեցիկ ապագայի կերտման գաղափարին: Այս մասին ասված է հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵՄ խոսնակի հայտարարության մեջ:
Հայտարարությունը հղում է անում Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ընտրությունների դիտորդական առաքելության նախնական գնահատմանը, ըստ որի՝ ընտրությունները եղել են մրցունակ և կարճ ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ, կառավարվել են պատշաճ կերպով: Ընտրողներն ունեցել են ընտրության լայն հնարավորություն, և հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ընդհանուր առմամբ, հարգվել են: Մասնակիցները կարողացել են ազատ քարոզչություն իրականացնել: Քվեարկության օրը՝ ներառյալ ձայների հաշվարկը, ընդհանուր առմամբ, գնահատվել է դրական:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունն, այդուհանդերձ, ընգծել է, որ քարոզչության բացասական տոնայնությունը և հիմնական մրցակիցների շրջանում անձնավորվածությունը խոչընդոտել են քաղաքականության շուրջ կենտրոնացված քննարկումների անցկացմանը: Առաքելության ընդգծմամբ՝ քարոզարշավի ողջ ընթացքում կանայք, ընդհանուր առմամբ, եղել են հետին պլանում:
«Մենք ակնկալում ենք սերտ համագործակցություն Հայաստանի բոլոր հաստատությունների, այդ թվում՝ նորընտիր խորհրդարանի և կառավարության հետ: Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին միավորել ջանքերը և համատեղ աշխատել՝ արդյունավետ կերպով հաղթահարելու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն՝ ի նպաստ Հայաստանի։ Եվրոպական միությունը պատրաստ է էլ ավելի ամրապնդել ԵՄ-Հայաստան երկկողմ հարաբերությունները և աջակցել Հայաստանին՝ կյանքի կոչել երկրում կարևոր բարեփոխումների իրականացման օրակարգը՝ հիմք ընդունելով ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի միջոցով սահմանված համատեղ պարտավորությունները», – ասված է հայտարարության մեջ:
Հայտամրցույթ՝ Վրաստանում խելացի գյուղերի զարգացման առաջարկների համար
Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) հայտարարել են Վրաստանում «խելացի գյուղերի» զարգացման առաջարկների երկրորդ հայտամրցույթը:
Արձագանքելով գյուղական բնակավայրերում համավարակից վերականգնման կարիքներին՝ այս հայտամրցույթը կենտրոնանում է գործնական, նորարարական լուծումների վրա, որոնք կարող են բացել աշխատատեղերի և եկամուտների ստեղծման նոր հնարավորություններ՝ միաժամանակ նպաստելով սոցիալապես և տնտեսապես անապահով խմբերի ակտիվ ներգրավվածությունը:
Ֆինանսական աջակցության համար ընտրված ծրագրերը պետք է իրականացվեն Կեդայի, Խուլոյի, Բորժոմի, Ախալքալաքի, Թեթրի Ծղարոյի, Լագոդեխի, Դեդոփլիսծղարոյի և (կամ) Կազբեգի շրջանների առնվազն մեկ գյուղի վարչական սահմաններում:
Հայտամրցույթին կարող են մասնակցել «Տեղական դերակատարների հզորացում հանուն զարգացում» (LEADER) և «Համայնքահեն տեղական զարգացում» (CLLD) նախաձեռնությունների մասնակիցները, ինչպես նաև այդպիսին չհանդիսացող սուբյեկտները: Հայտերը քննարկելիս նախապատվություն կտրվի LEADER և CLLD նախաձեռնություններում ներառված սուբյեկտներին:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2021 թ. հուլիսի 10-ը:
«Մարի Սկլոդովսկա-Կյուրի» գործողություններ. 2021-ին ԵՄ-ն 822 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի հետազոտողներին և կազմակերպություններին
Հունիսի 22-ին Եվրոպական հանձնաժողովը հայտարարեց նոր հայտամրցույթներ` «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում դոկտորական կրթության և հետդոկտորական վերապատրաստման ֆինանսավորման ԵՄ դրոշակակիր ծրագրի՝ «Մարի Սկլոդովսկա-Կյուրի» գործողությունների (MSCA) ներքո հետազոտողների վերապատրաստմանը, հմտությունների և կարիերայի զարգացմանն աջակցելու նպատակով: Հայտամրցույթները հաջորդում են «Հորիզոն Եվրոպայի» 2021-2022թթ. աշխատանքային ծրագրի ընդունմանը և բաց են արևելյան գործընկեր երկրների հետազոտողների համար:
2021-2027թթ. համար 6,6 միլիարդ եվրո ընդհանուր բյուջեով «Մարի Սկլոդովսկա-Կյուրի» գործողություններն աջակցում են ողջ աշխարհի հետազոտողներին՝ նրանց կարիերայի բոլոր փուլերում և բոլոր գիտակարգերում: Դրանք նաև օգուտ են բերում հաստատություններին՝ աջակցելով գերազանց դոկտորական ու հետդոկտորական ծրագրերին և համագործակցային հետազոտություններին ու նորարարական ծրագրերին, խթանելով դրանց գլոբալ գրավչությունն ու տեսանելիությունը և նպաստելով ներառյալ խոշոր ընկերությունների և ՓՄՁ-ների հետ ակադեմիական շրջանակներից դուրս համագործակցությանը:
2021 թ.-ին MSCA-ն կտրամադրի շուրջ 822 միլիոն եվրո՝ ներառելով աշխատանքային ծրագրի հետևյալ հինգ հիմնական գործողությունները.
2021-2027 թթ. «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում MSCA-ը խիստ ուշադրություն է դարձնելու միջոլորտային համագործակցությանը (հատկապես ակադեմիական շրջանակների և բիզնեսի միջև) և խթանելու է Եվրոպական կանաչ գործարքին համահունչ կայուն վարքագիծը, հետազոտական գործունեությունը և կառավարումը:
EU for Integrity. Քաղաքացիական հասարակության ներգրավվածության և նորարարական դրամաշնորհներ Արևելյան գործընկերության համար
Բաց կառավարման գործընկերությունն (ԲԿԳ) իր առաջին հայտամրցույթներն է մեկնարկել «EU for Integrity» («ԵՄ-ն հանուն բարեխղճության») ծրագրի շրջանակում: 7 միլիոն եվրո բյուջեով ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համատեղ իրականացվում է ԲԿԳ-ի ու Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) ջանքերով:
Հայտամրցույթներ են հայտարարվել երկու ուղղությամբ:
Քաղաքացիական հասարակության ներգրավման դրամաշնորհները (մինչև 30,000 եվրո) ուղղված կլինեն բարեխղճության, կոռուպցիայի դեմ պայքարի, հանրային ծառայությունների մատուցման, արդարադատության, COVID-19-ին հակազդելու և դրանից վերականգնվելու ու քաղաքացիական տարածության բնագավառներում քաղաքացիական հասարակության ներգրավվածության ընդլայնման և միջոլորտային գործընկերությունների ստեղծման համար ԲԿԳ հարթակի օգտագործմանը: Այս ուղղությամբ դրամաշնորհների համար հայտամրցույթը բաց կլինի Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան ներկայացնող գրանցված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և դրանց կոնսորցիումների համար: Հաշվի կառնվեն նաև երկրների միջև համագործակցության ձևաչափով ներկայացված հայտերը:
Նորարարական դրամաշնորհները (մինչև 50,000 եվրո) պետք է հնարավորություն տան քաղաքացիներին վերահսկել բյուջետային միջոցներն ու հատկացումները, օգտագործողների համար հարմար ինտերֆեյս, այդ թվում՝ տվյալների արտացոլման և վերլուծության գործիքներ ապահովեն պետական տվյալների համար` խարդախության կամ կոռուպցիոն դեպքերը հայտնաբերելու կարողությունն ամրապնդելու նպատակով, ինչպես նաև քաղաքացիական վերահսկողության և հետադարձ արձագանքի հնարավորություններ ապահովեն հանրային ծառայությունների ու փոխհատուցման մեխանիզմների առնչությամբ:
Նշված դրամաշնորհների համար կարող են դիմել ԲԿԳ անդամ երկրներում և Արևելյան գործընկերության տեղական իրավասության շրջանակներում գործող հայտատություները:
Երկու հայտամարցույթների վերջնաժամկետն էլ հուլիսի 9-ն է:
ԵՄ-ն մեկնարկում է «Youth4Regions» ծրագիրը, որին կարող են դիմել Արևելյան գործընկեր երկրները ներկայացնող հավակնոտ լրագրողները
Եվրոպական հանձնաժողովը լրագրության ֆակուլտետների ուսանողներին և երիտասարդ լրագրողներին հրավիրում է մասնակցելու «Youth4Regions» ծրագրին, որն օգնում է բացահայտել, թե ինչ է անում ԵՄ-ն իրենց տարածաշրջանում:
Ծրագիրն առաջարկում է լրագրության և ԵՄ տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ դասընթացներ, կայացած լրագրողների կողմից մենթորության տրամադրում, «ԵՄ տարածաշրջանների շաբաթվա» ընթացքում անվանի լրագրողների հետ կողք-կողքի աշխատելու հնարավորություն, այցելություններ ԵՄ հաստատություններ, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի կողմից կազմակերպված լրագրողական այցեր դեպի ԵՄ անդամ երկրներ: Կեցության և ճանապարհորդության բոլոր ծախսերը հոգում է Եվրոպական հանձնաժողովը:
Հայտատուները պետք է լինեն 18-ից 30 տարեկան, ունենան լրագրության փորձ (համապատասխան կրթություն կամ մինչև 2 տարվա աշխատանքային փորձ), հանդիսանան Եվրամության կամ հարևան երկրի քաղաքացի, ինչպես նաև հասանելի լինեն 2021 թ. հոկտեմբերի 10-ից 15-ը ժամանակահատվածում:
Վերջնաժամկետը հուլիսի 12-ն է:
«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:
Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։