Համաշխարհային ճանաչում ունեցող, սինգապուրյան ծագմամբ բրիտանացի ջութակահար Վանեսա Մեյը առաջին անգամ ելույթ կունենա Վրաստանում:
Ծովափնյա Ուռեկիի «Black Sea Arena» նոր համերգասրահում, օգոստոսի 6ին, Մեյը ելույթ կունենա իր երաժշտական խմբի հետ: Համերգային ծրագրի կազմակերպիչները գեղեցիկ շոու են խոստանում` ինչպես երաժշտական, այնպես էլ վիզուալ տեսանկյունից: Տոմսերը վաճառքում կլինեն արդեն երկուշաբթի: Դրանց նվազագույն արժեքը 30 լարի է:
Վանեսա Մեյի համերգից մեկ շաբաթ առաջ, նույն բեմից ելույթ է ունենալու նաև ևս մեկ հանրահայտ աստղ` ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերան, ում ելույթով պաշտոնապես բացվելու է համերգասրահը: «Black Sea Arena»-ն կառուցվել է նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի` «Քարթու» հիմնադրամի միջոցներով, այս տարվա հուլիսի 10-ին հանձնվել է պետությանը: Համերգասրահի հետ միասին պետությունը Քարթուից նվեր է ստացել նաև մինչև 2016-ի սեպտեմբերն արդեն վճարված և մշակված մշակութային ծրագիր` վրաց և համաշխարհային աստղերի մասնկացությամբ: Համերգից ստացված հասույթը փոխանցվելու է պետական բյուջե:
Լրատվամիջոցները գրում են, որ այս երկու համերգից բացի` Վրաստանում սպասվում է նաև հանրահայտ «Scorpions» խմբի ելույթը: Սակայն կազմակերպիչները դեռևս չեն հաստատում այս լուրը` միայն ասել են, թե ծրագրված համերգների մասին հանրությունը կիմանա աստիճանաբար: «Քարթու» հիմնադրամը համերգասրահի շինարարության վրա 115 միլիոն դոլար է ծախսել:
Նյութի աղբյուրը` www.aliq.ge