Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին և վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին կոչ են արել քաղաքացիներին ժամանակավորապես զերծ մնալ Թուրքիա այցելություններից, մինչև որ այդ երկրում իրավիճակը կարգավորվի։ Այդ մասին նրանք հայտնել են գիշերը Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո:
«Վստահ եմ, որ իրավիճակի ապակայունացումը կհաղթահարվի մոտ ապագայում, և Թուրքիան` մեր ռազմավարական գործընկերը, կվերադառնա կյանքի նորմալ ռեժիմին: Ցանկանում եմ հանգստացնել Վրաստանի բնակչությանը և ասել, որ մեր երկրին ոչ մի վտանգ չի սպառնում»,- ասել է նախագահը:
Նա նշել է, որ խորհուրդ է տալիս Վրաստանի քաղաքացիներին ժամանակավորապես զերծ մնալ Թուրքիա այցելելուց:
Նմանատիպ խորհրդով է հանդես եկել նաև երկրի վարչապետը և նշել է, որ Վրաստանի համար շատ կարևոր է Թուրքիայի կայունությունը: