Սննդամթերքի համաշխարհային գներն աճում են ամենաարագ տեմպերով

Սննդամթերքի համաշխարհային գներն աճում են ամենաարագ տեմպերով

Սննդամթերքի համաշխարհային գները վերջին տասնամյակի ամենաարագ տեմպերով են աճում՝ խորացնելով աշխարհի առավել խոցելի երկրների խնդիրները, որոնք բախվում են կորոնավիրուսային համավարակի հետեւանքների հետ, հայտնել է AFP-ն:

ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) մտահոգված է, որ գնաճը կարող է սոցիալական հուզումներ առաջացնել այն երկրներում, որոնք արդեն գտնվում են քաղաքական ցնցումների մեջ:

ՊԳԿ-ի տվյալենորվ՝ սննդամթերքի գները մայիսին գրեթե 40 տոկոսով բարձր էին, քան մեկ տարի առաջ, ինչը ամենակտրուկ աճն էր 2011 թվականի սեպտեմբերից ի վեր: 12 ամսվա ընթացքում եգիպտացորենի գներն աճել են 88 տոկոսով, սոյայինը՝ 73 տոկոսով, հացահատիկինը եւ կաթնամթերքինը՝ 38 տոկոսով, շաքարավազինը՝ 34 տոկոսով, իսկ մսինը՝ 10 տոկոսով: «Սա շատ մտահոգիչ է», – ասել է Պարենի համաշխարհային ծրագրի գլխավոր տնտեսագետ Արիֆ Հուսեյնը:

2007-2008 թվականներին հիմնական սննդամթերքի կտրուկ գնաճը անկարգությունների հանգեցրեց աշխարհի մի շարք քաղաքներում: 2010-2011 թվականներին հասնելով գագաթնակետին՝ գնաճը հրահրեց «Արաբական գարնան» ընդվզումներ:

Համաշխարհային տնտեսությունը վերականգնվում է, սակայն գնաճը նույնպես աճում է, քանի որ կառավարությունները հսկայական գումարներ են ծախսել տնտեսությունների խթանման ծրագրերի վրա այն բանից հետո, երբ անցյալ տարի համավարակը կանգնեցրեց տնտեսական ակտիվությունը:

Գնաճը Չինաստանում , որը, ըստ Համաշխարհային բանկի կանխատեսումների, 2021 թվականին կաճի 8,5 տոկոսով, ընդգրկում է հիմնական սննդամթերքները, ինչպիսիք են հացահատիկային մշակաբույսերը, միսը եւ այլն: «Իրականում, Չինաստանն է, որ ներկայումս օժանդակում է սննդամթերքի գնաճին», – ասել է տնտեսագետ Ֆիլիպ Չալմինը:

Գների բարձրացման այլ շարժիչ ուժերից են երաշտը Բրազիլիայում (ինչի հետեւանքով բարձրանում է եգիպտացորենի գինը), նավթի գնի վերականգնումը եւ ծովային փոխադրումների արժեքի աճը: news.am