“Հիմնադիր խորհրդարան” նախաձեռնությունը ներկայացնող խումբ զինված անձինք մուտք են գործել Էրեբունի վարչական շրջանում գտնվող ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց:
Ոստիկանական մեքենաները, զրահամեքենաները փակել են ոստիկանության Էրեբունու բաժին տանող ճանապարհը, լրագրողներին արգելում են անցնել կամ նկարահանումներ իրականացնել, հայտնում է Ազատություն ռադիոկայանը:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասել է, որ քիչ անց իրենք հայտարարությամբ հանդես կգան:
Հայաստանի հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունից /ԱԱԾ/ հայտնում են, որ պետական իշխանության մարմինները գործում են բնականոն ռեժիմով, իսկ իրավապահ մարմինները հավուր պատշաճի իրականացնում են օրենքով իրենց վերապահված հասարակական կարգի պահպանության և պետական անվտանգության ապահովման գործառույթները:
Զինված անձանց հետ ներկայումս վարվում են բանակցություններ՝ ՀՀ իշխանություններին նրանց խաղաղ հանձվելը կազմակերպելու համար:
Ինչպես հայտնում են մամուլի ծառայությունից, նրանց կողմնակիցները ԶԼՄ-ներով և սոցիալական ցանցերով պարբերաբար ապատեղեկատվություն են տարածում զինված ապստամբություն սկսվելու, շենքեր և շինություններ գրավելու մասին: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ տարածվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Ավելի վաղ Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ շենքը գրավողները նախաձեռնության անդամներ են. նրանք պահանջում են ազատ արձակել շաբաթներ առաջ ձերբակալված նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանին:
Նա հայտարարել է նաև, որ ոստիկանությունը գրոհ կազմակերպեց շենքը գրավածների վրա զրահամեքենայով, եղել է պատասխան կրակ, ինչի հետևանքով վիրավորներ կան: