«Իսլամական պետություն» խմբավորումը ստանձնել է Նիսի ափին Բաստիլի գրավման օրը տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը: Այդ մասին տեղեկացնում է News.am-ը՝ հղում անելով Radiofrance-ին:
ԻՊ-ի հայտարարության համաձայն՝ Մուհամմեդ Լաուայեժ Բուլելն իրենց զինվորն էր:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 22։30-ի սահմաններում, Նիսի Անգլիական ափին հավաքված մարդկանց խմբի մեջ մեծ արագությամբ բեռնատար էր մխրճվել։ Վարորդը մարդկանց մեջ էր մխրճվել Բաստիլի գրավման օրվա տոնական հրավառության ժամանակ։ Բեռնատարը, մոտ 2 կմ զիգզագաձեւ շարժվելով, փորձել է հնարավորինս շատ մարդկանց ճզմել։ Հետո վարորդը կրակ էր բացել մարդկանց վրա։ Ոստիկանության գործողությունների արդյունքում նա սպանվել է։ Բեռնատարի մեջ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք եւ պայթուցիկ։ Ըստ վերջին տեղեկությունների՝ զոհվել է 84 մարդ, ավելի քան 18-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Վարորդը Ֆրանսիայի եւ Թունիսի քաղաքացի է։ Նա 31 տարեկան է։ Նախկինում ոստիկանության ուշադրության կենտրոնում էր հայտնվել գողության եւ խուլիգանության համար։
News.am-ը նաև տեղեկացնում է, որ զոհերի մեջ ՀՀ քաղաքացի կա: Իր հերթին Հայ եկեղեցու Նիսի հոգեւոր հովիվ Հայր Գրիգոր աբեղա Խաչատրյանը NEWS.am-ին հայտնել է, որ զոհված կինը 40 տարեկան է, նաեւ վիրավորների մեջ կա երեք հայ: