ՀՀ-ում պատվաստումներն օտարերկրացիների համար կարո՞ղ են դառնալ վճարովի

ՀՀ-ում պատվաստումներն օտարերկրացիների համար կարո՞ղ են դառնալ վճարովի

Կորոնավիրուսի դեմ պատվաստումների գործընթացը կազմակերպելիս Հայաստանը առաջնորդվում է մարդասիրական սկզբունքներով, ինչպես եւ բազմաթիվ այլ երկրներ: Այս մասին ասել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, թե կարող է արդյոք կորոնավիրուսի դեմ պատվաստումը վճարովի դառնալ օտարերկրացիների համար:

«Որեւէ երկիր չի կարող ապահով լինել համաճարակային իմաստով, եթե իր շուրջը իրավիճակը բարվոք չէ: Եւ ելնելով այն հանգամանքից, որ սա հանրային վտանգավոր հիվանդություն է, մենք նման սկզբունք ենք որդեգրել (անվճար պատվաստումներ) եւ շարունակելու ենք: Բայց դա չի նշանակում, որ հետաքրքրվածության աճի ընթացքում մենք մեր քաղաքականության մեջ շտկումներ չենք մտցնելու», – ասել է նա:

Նրա խոսքով, պոլիկլինիկաներում պատվաստումային եւ ամբուլատոր ծառայությունների անխափան գործունեությունն ապահովելու համար որոշում է կայացվել արտասահմանից եկած զբոսաշրջիկները կկարողանան պատվաստվել միայն շրջիկ կետերում, որոնք բացօդյա են, եւ հերթերի գոյացման խնդիր չի լինի:

Շուտով նաեւ ուժի մեջ կմտնի այլ որոշում, համաձայն որի, Հայաստանում առնվազն 10 օր անցկացնող օտարերկրացիները կարող են այստեղ պատվաստվել կորոնավիրուսի դեմ: