Կարծախի մաքսակետը Ախալքալաք տեղափոխելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին «Ռադիոլուրին» ասել են Վրաստանի Պետեկամուտների ծառայությունից՝ հերքելով տեղեկատվությունը, թե թուրքական կողմը խնդրել է Վրաստանի հետ սահմանային՝ Կարծախի մաքսակետը տեղափոխել Ախալքալաք։
«Վրաց-թուրքական սահմանի՝ Կարծախի մաքսակետն աշխատում է բնականոն հունով, այն տեղափոխելու հարց երբևէ չի առաջացել։ Դա բացառված է, նման հարց չի բարձրացվել ոչ վրացական, ոչ էլ թուրքական կողմից», — ընդգծել է Վրաստանի եկամուտների ծառայության մամուլի խոսնակ Թամունա Անդրիաձեն՝ նշելով, որ տարածված տեղեկատվությունը, հավանաբար, սխալ թարգմանության արդյունք է եւ Պետեկամուտների ծառայությունը կոչ է արել հերքել այն»։
Վրացական «Բաթումելեբի» լրատվականը գրելով Բաթումիում անցած շաբաթ տեղի ունեցած մաքսային ոլորտի վրաց-թուրքական հանդիպման մասին, մեջբերել է Թուրքիայի առևտրի փոխնախարարի խոսքերը, թե «տարածքային առումով Կարծախի մաքսակետը Ախալքալաք տեղափոխելու հնարավորություն կա, նման անցակետ կա նաև Կարսում՝ սահմանից 80 կմ հեռավորության վրա»։
Ախալքալաքի քաղաքապետ Յուրի Ունանյանը մեզ հետ զրույցում նշեց, նման որոշում չկա, որևէ պետական կառույցից նման տեղեկատվություն չի ստացել, միաժամանակ հավաստիացրեց, մաքսային ընթացակարգերը սահմանից 30 կիլոմետր հեռավորության վրա իրականացնելը տեխնիկապես անիրատեսական է։
Վրացական կողմը լուրը թեև հերքեց, սակայն այն արդեն հասցրեց բուռն քննարկումների առիթ դառնալ, հատկապես որ Նամախվանի ՀԷԿ-ի կառուցման դեմ հակաթուրքական բողոքի ակցիաների ֆոնին վերջերս էլ ավելացել է Թուրքիայի նախագահի՝ «Մեսխեթին (նկատի ունի Սամցխեն) թուրքական հող է» բանաստեղծություն-հայտարարությունը։ Դրանում Էրդողանը այս անգամ Վրաստանի այս շրջանն է համարում Թուրքիայինը։
Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանի խոսքով․ «Որպեսզի պատկերն ամբողջական դառնա, մենք պետք է տեսնենք, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը վերջերս ինչ բանաստեղծություն է կարդացել Ախլցխայի մասին՝ Ախլցխան համարելով իրենց պատմական հայրենիքը, իրենց երազանքը՝ ասելով թե «կվերադառնան»։ Ելնելով դրանից, կարող ենք փաստել՝ Թուրքիան հեռահար նպատակներ ունի․ Ախլցխան Սամցխե-Ջավախքի կենտրոնն է, Ախալքալաքն էլ խոշոր քաղաքներից մեկը, որտեղ, Թուրքիան փորձելով ամրապնդել իր տնտեսական ներկայությունը, տարածաշրջանը տանում է թուրքացման»։