Տղամարդկանց համար ճարպակալումն ավելի վտանգավոր է, քան կանանց

Տղամարդկանց համար ճարպակալումն ավելի վտանգավոր է, քան կանանց

Տղամարդկանց համար ճարպակալումը երեք անգամ ավելի վտանգավոր եւ մահաբեր է, քան կանանց համար, զգուշացնում են University of Oxford-ի գիտնականները:

189 երկրից 4 մլն մարդու մասնակցությամբ հետազոտությունը, որը հրապարակվել է The Lancet ամսագրում, ցույց է տվել, որ նորմալ քաշով տղամարդկանց 19 տոկոսը, իսկ կանանց 11 տոկոսը մինչեւ 70 տարի չի ապրում: Ճարպակալմամբ մարդկանց շրջանում, սակայն, ցուցանիշներն այլ են. մինչեւ 70 տարեկանը մահվան ռիսկը ճարպակալմամբ տղամարդկանց շրջանում մեծանում է մինչեւ 30 տոկոս, իսկ կանանց շրջանում` մինչեւ 15 տոկոս:

Հետազոտության հեղինակ Ռիչարդ Պետոն University of Oxford-ից նշել է, որ ճարպակալումը ԱՄՆ-ում վաղաժամ մահերի երկրորդ պատճառն է (ծխելուց հետո): Սակայն քաշի 10 տոկոսով նվազումը կարող է վաղաժամ մահվան ռիսկը կանանց մոտ նվազեցնել 10 տոկոսով, իսկ տղամարդկանց մոտ` 20 տոկոսով:

Առայժմ հետազոտողներին չի հաջողվել հասկանալ, թե ավելորդ քաշն ինչու է ավելի կործանարար տղամարդկանց համար, քան կանանց: Նախորդ հետազոտություններից մեկում ցույց էր տրվել, որ տղամարդկանց մոտ դիաբետի եւ կաթվածակայունության ռիսկն ավելի բարձր է, քան կանանց մոտ: Դա գուցե ազդում է նաեւ կյանքի տեւողության վրա:

Իմիջիայլոց, ավելորդ կգ-ներից ազատումը օգտակար է երկու սեռին էլ, նշում են գիտնականները: Հետաքրքիր է սակայն, որ քաշի պակասը եւս նույնանում է վաղաժամ մահվան բարձր ռիսկի հետ, այդ պատճառով գիտնականները խորհուրդ են տալիս քաշը նորմայի սահմաններում պահել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների կարծիքով աշխարհում ճարպակալման տարածումը համաճարակի բնույթ է ստանում: Այս տարի ԱՀԿ-ն հաղորդել է, որ մոլորակում ապրող գեր մարդկանց թիվն առաջին անգամ գերազանցել է նիհարների թիվը: Բազմաթիվ հետազոտություններն արդեն հաստատել են, որ ավելորդ քաշը կարող է սրտի հետ կապված խնդիրներ առաջացնել, դիաբետի, ինչպես նաեւ քաղցկեղային հիվանդությունների պատճառ դառնալ:

NEWS.am Medicine



Opinion, pooling and voting