Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով Թուրքիայում է

Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով Թուրքիայում է

Մեկնարկել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի պաշտոնական այցը Թուրքիայի Հանրապետություն:

Ինչպես տեղեկացնում է կառավարության լրատվական ծառայությունը, Անկարայի միջազգային օդանավակայանում Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությանը դիմավորել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Ահմեդ Արսլանը: Վերջինս նշել է, որ Թուրքիայի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս Վրաստանի վարչապետի այցին եւ այն ընկալում է տարածաշրջանի կայունության տեսանկյունից:

Վրաստանի վարչապետը եւս մեկ անգամ ցավակցել է Թուրքիայի կառավարությանն ու թուրք ժողովրդին վերջին իրադարձությունների առիթով զոհված քաղաքացիների հարազատներին և խաղաղություն ու կայունություն մաղթել հարևան ժողովրդին: Գիորգի Կվիրիկաշվիլին մեկօրյա այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմիի, թուրքական մեջլիսի ղեկավար Իսմաիլ Քահրամանի հետ:

Այցի շրջանակներում տեղի է ունեցել Վրաստան-Թուրքիա ռազմավարական համագործակցության խորհրդի առաջին նիստը, որից հետո Վրաստանի եւ Թուրքիայի կառավարարությունների միջեւ ստորագրվել է համագործակցության մասին համաձայնագիր:

Կառավարության տարածած հայտարարության համաձայն, այնուհետև երկու երկրների վարչապետները հանդես են եկել համատեղ ասուլիսով: Տեղեկացնենք, Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են փոխվարչապետ, Տնտեսության եւ կայուն զարգացման նախարար Դմիտրի Քուսիշվիլին, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն, Պատիժների իրականացման և պրոբացիայի նախարարության Կախա Կախիշվիլին, Առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն, Գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիան, Մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձեն, Շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների պաշտպանության նախարար Գիգլա Ագուլաշվիլին, ինչպես նաև Վրաստանի խորհրդանի անդամ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Թեդո Ջափարիձեն:

www.aliq.ge



Opinion, pooling and voting