Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ երկրում իրականացված պետական հեղաշրջման փորձի հետ կապված մի քանի հազար մարդու նկատմամբ մահվան դատավճիռ կկայացվի:
Այս մասին գրում է NEWS.am-ը` հղում անելով Էրդողանի CNN-ին տված հարցազրույցին:
Նրա խոսքով՝ ակնհայտ հանցագործություն է կատարվել՝ դավաճանություն: «Պահանջները չեն կարող մերժվել ձեր սեփական կառավարության կողմից»,- ասել է նա:
Էրդողանը նշել է, որ մահապատժի վերականգնման համար խորհրդարանի որոշումն է անհրաժեշտ՝ համապատասխան սահմանադրական միջոցներ ձեռնարկելու համար. «Եթե խորհրդարանը նման որոշում կայացնի, ապա ես, որպես նախագահ, հավանության կարժանացնեմ այն»:
Մեկնաբանելով պետական հեղաշրջման մասնակիցների նկատմամբ մահապատժի իրականացման մասին ամբոխի պահանջները՝ Էրդողանն ասել է. «Ինչո՞ւ մենք պետք է տարիներ շարունակ նրանց բանտում պահենք եւ կերակրենք: Դա ժողովուրդն է ասում: Նրանք կորցրել են հարազատներին: Մարդիկ տառապում են, մենք պետք է շատ զգույշ գործենք»: