Հաջորդ տարի ձեթն ամբողջ աշխարհում կարող է էժանանալ։ Տեղեկությունը հայտնում է կանադական The Western Producer ագրարային պարբերականը:
Պարբերականը ներկայացնում է ԱՄՆ-ի գյուղատնտեսության դեպարտամենտի (USDA) տվյալները, որտեղ 2021/22 սեզոնի համար (սեպտեմբեր-օգոստոս) կանխատեսում են բոլոր հիմնական ձիթատու մշակաբույսերի բերքի աճ՝ արմավենու յուղի 3,1 մլն տոննայի, արևածաղկի՝ 2,6 մլն տոննայի, սոյայի՝ 1,86 մլն ու սևուկի՝ 0,2 միլիոնի աճ: Այսպիսով` ձեթի ընդհանուր արտադրությունը կաճի 7,75 միլիոնով։ Կաճի նաև սպառումը, բայց փոքր տեմպերով (մոտ հինգ միլիոնով)։ Սա կհանգեցնի շուկայում 2.7 մլն տոննա ավելցուկի:
Ընդ որում, հատկապես բարենպաստ պայմաններ կստեղծվեն հենց արևածաղկի համար (Հայաստանում ու հետխորհրդային այլ երկրներում հիմնականում հենց արևածաղկի ձեթ են օգտագործում)։ USDA-ն Ուկրաինայում ու Ռուսաստանում (աշխարհի առաջին երկու խոշորագույն արտադրողները) արևածաղկի համար հիանալի եղանակային պայմաններ է ակնկալում: ԱՄՆ գյուղնախարարության գնահատումների համաձայն՝ Ուկրաինայի սևծովյան նավահանգիստներում արևածաղկի ձեթի գները կնվազեն 15-20 տոկոսով ու կհասնեն մինչև մեկ տոննայի դիմաց հազար դոլարի:
Նշենք, որ ըստ պաշտոնական վիճակագրության՝ վերջին մեկ տարում ձեթի գներն աճել են 75 տոկոսով։ Վերջին 12 ամիսների ընթացքում FAO-ի պարենային գների ինդեքսը (ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն) շարունակաբար աճել է (ներառյալ՝ ձեթի գինը), սակայն հունիսին (այս բոլոր ամիսների ընթացքում առաջին անգամ) դրա գները սկսեցին նվազել՝ կրճատվելով գրեթե 10%-ով (9,8%-ով)։