Տղամարդը փորձել է ինքնասպան լինել Թբիլիսիում՝ ՆԳՆ շենքի մոտ:
Ինչպես հայտնում է «Formula» հեռուստաընկերությունը, նա իր վրա բենզին է լցրել ու վառել կրակայրիչը: Կրակը մարել են ոստիկանության աշխատակիցները:
Ըստ հեռուստաընկերության, այս քաղաքացին նրանց հետ կապվել է մի քանի օր առաջ: Տղամարդը մեղադրել է Ռուսթավի քաղաքի ոստիկանության բաժանմունքներից մեկի աշխատակիցներին բռնության մեջ:
«Formula»-ն չի բացառում, որ ինքնահրկիզումը բողոք էր ոստիկանության կողմից ֆիզիկական բռնության դեմ:
Պատահարի արդյունքում տղամարդը ստացել է մարմնի տարբեր մասերի առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի այրվածքներ:
Բժիշկ Գիորգի Դավլիանիձեն նշում է, որ հիվանդը վերակենդանացման բաժանմունքում ծանր վիճակում է: «Մարմնի տարբեր մասերում կան տարբեր աստիճանի այրվածքներ: Դեռ վիճակը գնահատվում է որպես ծանր », – ասել է նա լրագրողներին: