Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով Վրաստանի պետնախարարի 10-ամյա գործողությունների ծրագրի ներկայացման ժամանակ խոսել է ոչ վրացալեզու բնակչության պետական լեզվի իմացության մասին: Վարչապետը ցավալի է որակել այն փաստը, որ այսօր Վրաստանի շատ քաղաքացիներ չեն խոսում և չեն կարողանում գրել վրացերեն:
Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, կոնկրետ խնդիրներից մեկն այն է, որ 2030 թվականին Վրաստանի բոլոր քաղաքացիները վարժ խոսեն վրացերեն:
«Ինձ համար շատ ցավալի է, որ այսօր մեր քաղաքացիներից շատերը չեն կարողանում խոսել ու գրել վրացերեն, ինչը, իհարկե, խնդիր է: Ես այստեղ տեսնում եմ մեր հաջողակ պատգամավորներին՝ ազգությամբ ադրբեջանցիների, ովքեր վրացերեն խոսում են շատ սահուն: Հաջողակ երիտասարդներ են: Նրանք հասան իրենց աշխատանքով, կրթությամբ և գիտելիքներով նրան, որ դարձան Վրաստանի խորհրդարանի անդամ: Սա մեկ կոնկրետ օրինակ է: Ես ցանկանում եմ շատ նման երիտասարդների տեսնել խորհրդարանում, նախարարություններում, նախարարների, նախարարների տեղակալի պաշտոնում և այլն: Այս ամենի առաջին նախապայմաններից մեկը մեր բոլոր քաղաքացիներին վրացերեն սովորեցնելն է»,- ասել է Ղարիբաշվիլին:
Վարչապետի խոսքով, իրենք բազմիցս խոսել են այս մասին` ազգությամբ ադրբեջանցի և հայ քաղաքացիների հետ, և բոլորը պատրաստ են պետության կողմից այս ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելուն:
«Նրանց կողմից կա ցանկություն, և մենք պետք է ստեղծենք բոլոր այն գործիքները, որոնք անհրաժեշտ են այս նպատակին հասնելու համար՝ կրթության և որակյալ առողջապահության հասանելիություն, սոցիալ-տնտեսական նախագծերում նրանց ներգրավվածությունը և մեր քաղաքական կյանքին ավելի մեծ մասնակցությունը կլինեն մեր ուժեղ ապագայի ամուր երաշխիքը», – ասել է Ղարիբաշվիլին:aliq.ge