Բաթումիում ՈւԵՖԱ-ի չափանիշներին համապատասխանող ֆուտբոլային մարզադաշտ կկառուցվի

Բաթումիում ՈւԵՖԱ-ի չափանիշներին համապատասխանող ֆուտբոլային մարզադաշտ կկառուցվի

Բաթումիում կկառուցվի 20 հազար հանդիսականների համար նախատեսված և ՈՒԵՖԱ-ի պահանջների IV կատեգորիային համապատասխան ֆուտբոլային մարզադաշտ: Փոխանցում է Aliq.ge-ն:

Օրերս կայացել է թուրքական «Bahadir Kul Architects» ընկերության կողմից մշակված այս մարզադաշտի էսքիզային նախագծի շնորհանդեսը: Ընկերությունը շինարարության ոլորտում մեծ փորձ ունի: Այն 22 մարզասրահ և 17 սպորտային կենտրոն է նախագծել աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում Թուրքիայում, Ղազախստանում և Կամերունում: Ընկերության ղեկավարության հետ միասին շնորհանդեսին մասնակցել է նաև Աջարիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ռամազ Բոլքվաձեն: Նա ներկայացրել է շինարարության նախագծի մանրամասները: «Այսօր ես ծանոթացել եմ նախագծի իրականացման ընթացքին և կարող եմ ասել, որ աշխատանքները տարվում են բավական ակտիվ ռեժիմով: Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և շինարարատեխնիկական վերահսկողության գործակալությունը հավանության են արժանացրել նախագիծը: Հաջորդ փուլը կլինի շինարարության տենդերի հայտարարումը». – ասել է Բոլքվաձեն:

Նախարարը նաև նշել է, որ բացի ֆուտբոլային հանդիպումներից մարզադաշտում հնարավոր կլինի նաև այլ կուլտ-մասսայական միջոցառումներ անցկացնել: Բաթումի մարզադաշտը տեղակայված կլինի նախկին մեքենաշինական գործարանի տարածքում, կզբաղեցնի մոտ 8 հեկտար տարածք: Այն կունենա մի քանի մուտք, այդ թվում ավտոբուսների, խաղացողների, VIP անձանց և ԶԼՄ ներկայացուցիչների համար: Տարածքում կկառուցվի նաև ավելի քան 1000 ամտոմեքենաների համար նախատեսված ավտոկայանատեղի: Շինարարությունը պետք է սկսվի այս տարի և ավարտվի 2019-ին:

Շինության ճակատային մասի կոնցեպտը մշակված է վրացական «Խորումի» մարտական պարի մոտիվներով: Նախագծի նախնական արժեքն է 25 միլիոն լարի (մոտ 11 միլիոն դոլար):



Opinion, pooling and voting