Կալիֆոռնիայի Gooding & Company աճուրդում տեղի են ունեցել սակարկումներ, որոնց ընթացքում վաճառվել է 1995թ McLaren F1։ Էքսկլյուզիվ շագանակագույն թափքի գույնով եւ ընդամենը 390 կիլոմետր վազքով կատարյալ պահպանված սուպերքարի համար անհայտ գնորդը վճարել է 20 465 000 դոլար, հայտնում է Motor-ը:
McLaren F1-ն արտադրվել է 1993-1998 թվականներին: Ընդհանուր առմամբ, բրիտանացի ինժեներները հավաքել են 106 յուրահատուկ սուպերմեքենաներ, որոնք ներկայացվել են որպես հանրային ճանապարհներով երթեւեկելու իդեալական սպորտային մեքենաներ: Մոդելը ստեղծելիս մասնագետները պատմության մեջ առաջին անգամ կառուցել են ածխածնային մանրաթելից պատրաստված մոնոկոկ: Բացի այդ, սուպերքարի ստեղծման ժամանակ օգտագործվել են տիտանից, ոսկուց, մագնեզիումից մասեր: Ավիատիեզերական տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ մոդելը երկար ժամանակ պաշտամունքային է համարվել:
Վաճառքի հանված մեքենան պատվերով ներկված է Creighton Brown էքսկլյուզիվ շագանակագույնով: 26 տարվա շահագործման ընթացքում այն անցել է ընդամենը 390 կիլոմետր՝ ամբողջ կյանքը անցկացնելով ճապոնացի կոլեկցիոների հավաքածուում: Աճուրդի ժամանակ անհայտ գնորդը կատարյալ McLaren F1-ի համար վճարել է 20 465 000 դոլար: Այս գումարը մեքենաների համար ռեկորդային է դարձել 2021 թվականին: Մեքենայի հետ միասին նոր սեփականատերը ստացել է շվեյցարական TAG Heuer 6000 Chronometer ժամացույց եւ տիտանից ոսկեզօծ պտուտակահանների հավաքածու: news.am