Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավի շրջանակներում այցելել է Փոթի, որտեղ հայտարարել է, որ Վրաստանը շարունակում է մնալ որոշակի կայունության կղզյակ:
«Այսօր Վրաստանում կայունությունը շատ ավելի մեծ է, քան թեկուզ 4 տարի առաջ: Ես կարծում եմ, որ դա զգում են բոլորը: Չնայած այն իրադարձություններին, որոնք տեղի են ունենում տարածաշրջանում կամ նրանից հեռու՝ Վրաստանը շարունակում է մնալ որոշակի կայունության կղզյակ:
Դա հնարավոր է դարձել շատ հավասարակշիռ, շատ պրագմատիկ արտաքին քաղաքականության շնորհիվ: Մեզ համար շատ կարևոր է Արևմուտքի հետ հետևողական ինտեգրման ճանապարհին մնալը, սակայն միևնույն ժամանակ ճշմարիտ արտաքին քաղաքականությունը կնվազեցնի երկրի ու բնակչության համար ռիսկերը:
Հենց այդ պատճառով էլ մենք մեր բոլոր հարևանների հետ պետք է կարգավորենք հարաբերությունները: Դա շատ կարևոր է մեր երկրի կայուն զարգացման ապահովման համար: Սակայն, բնականաբար, բոլորը պետք է հարգեն Վրաստանի տարածքային ամբողջականությունը և Վրաստանի ինքնիշխան որոշումները»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը: