Այսօր, օգոստոսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ-ի Արագածոտնի մարզում։ Ժամը 03։45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 20 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Մինչ հրշեջ-փրկարարաների ժամանումը քաղաքացիները ավտոմեքենայից դուրս են բերել 1 հոգու, ով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն, իսկ հրշեջ-փրկարարաները, օգտագործելով հատուկ տեխնիկա ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային, որով տեղափոխել են «Ապարան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասել են․
«Ցավալի է, որ վթար է տեղի ունեցել, բայց երևի լավ էր, Զազո ցլիկը և Զուզու հորթուկը սաղ մնացին։ Բժիշկները կպայքարեն գողերի կյանքի համար։ Բայց այս դեպքը գալիս է ապացուցելու, որ հարամ բան պետք չի անել։ Մարդու ապրուստի միջոցը գողանում ես, որ ի՞նչ անես։
Թեպետ ունենք տեղեկություններ, որ Արշակը մի քանի անգամ նմանատիպ գողություններ է կատարել։ Ու այսօր քննչականում է եղել, քննիչի մոտ ցուցմունք տալուց։ Քննիչն էլ բաց է թողել։ Մարդն էլ երևի մտածել է, հո դատարկ չեմ եթա գյուղ։ Բռնել՝ քրտինքով ապրող մեր համագյուղացու Զազո ցլիկին ու Զուզու հորթուկին գողացել են»։
Գողության փաստով ոստիկանության Ապարանի բաժնի հետաքննական բաժանմունքում ավագ հետաքննիչ Նարեկ Խալաթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Զազոյին ու Զուզույին տեղափոխել են ոտիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ առավոտյան ոստիկաններն արդեն տուժած Գ․ Պողոսյանին հայտնել են, որ կարող է ներկայանալ ոստիկանության Ապարանի բաժին, որպեսզի նրան փոխանցեն անասունները։