Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին խոսել է կրթական հաստատությունների վերաբերյալ Համակարգող խորհրդի կողմից ընդունած որոշումների մասին:
Ինչպես Չխենկելին ասել է ճեպազրույցի ժամանակ, հոկտեմբերի 4-ից դասարաններում և լսարաններում ուսումնական գործընթացը կվերսկսվի այն քաղաքում կամ գյուղում, որտեղ վարակի մակարդակը կլինի չորս տոկոսից պակաս:
«Ինչպես գիտեք, պետական և մասնավոր մանկապարտեզները չեն աշխատի մինչև հոկտեմբերի 4-ը: Հետո, իհարկե, հոկտեմբերի 4-ին կանդրադառնանք այս հարցին: Ինչ վերաբերում է դպրոցներին, արհեստագործական քոլեջներին և բարձրագույն ուսումնական հաստատություններին, ապա այդ հաստատությունները մինչև հոկտեմբերի 4-ը կաշխատեն հեռակա կարգով: Ինչ վերաբերում է դպրոցներին, ապա կցանկանայի հստակեցնել, որ սեպտեմբերի 15-ին, ինչպես հայտարարվում է, կսկսվի ուսման գործընթացը, կսկսվի կիսամյակը, բայց հեռակա կարգով և դա կլինի մինչև հոկտեմբերի 4-ը: Ինչ վերաբերում է հոկտեմբերի 4-ին, մենք որոշեցինք, որ կունենանք տարբերակված մոտեցում, ինչը կնշանակի, որ քաղաքում կամ գյուղում, որտեղ վարակվածության մակարդակը կլինի 4%-ից ցածր, կրթությունը կվերսկսվի արդեն դասարաններում: Իսկ այն քաղաքներում և գյուղերում, որտեղ ցուցանիշը կլինի 4%-ից բարձր, այն կշարունակվի հեռակա ձևաչափով», – ասել է Միխեիլ Չխենկելին: