Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիտասարդ միաբան Տ․ Մաղաքիա վարդապետ Ամիրյանը։
«Ցավով տեղեկացնում ենք, որ օգոստոսի 31-ին կորոնավիրուսի հետևանքով վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիտասարդ միաբան, Հայորդյաց տների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ․ Մաղաքիա վարդապետ Ամիրյանը։
Ն.Ս.Օ.Տ.Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռի ողջ միաբանությունը խորապես սգում են հոգելույս Հայր Մաղաքիայի անժամանակ մահը և աղոթում նրա հոգու հանգստության համար։
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի», ֊ասված է Մայր Աթոռի տարծած տեղեկության մեջ։
Տ.Մաղաքիա վարդապետ Ամիրյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում վերջին գրառումը կատարել էր 5 օր առաջ՝ օգոստոսի 26֊ին։ Գրառման մեջ ասված է.
«Սիրելիներ, կներեք, որ չեմ պատասխանում ձեր հազարավոր զանգերին: Բուժման ընթացքն առաջ է գնում ի շնորհիվ հոգատար մարդկանց: Խնդրանքս է միայն ձեր աղոթքներում հիշեք ինձ: Շուտով կտեսնվենք»։
Նշենք, որ 2019 թվականի Ապրիլի 5-ին Ջավախքի փոխանորդությունում տեղի էր ունեցել Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական նորանշանակ փոխանորդ հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանի պաշտոնական ընդունելության արարողությունը:
Դեռ 2019 թվականի մարտի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ, հոգեշնորհ Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանը ծառայության էր կոչվել Վիրահայոց թեմում: Նա նշանակվել էր Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ:
Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ներկայացնելով նորանշանակ փոխանորդին, հույս էր հայտնել, որ նրա հոգևոր ծառայությունն արգասաբեր և ի նպաստ կլինի Հայ Առաքելական Եկեղեցու:
Իր հերթին նորանշանակ փոխանորդը պատրաստակամություն էր հայտնել միասնաբար ու մեծ պատասխանատվությամբ ծառայել ջավախահայությանը:
Նա համոզմունք էր հայտնել, որ սովորական մարդկանց համար հոգևորականի ներկայությունը պետք է տեսանելի լինի իր կողքին: Եվ միաժամանակ վստահեցրել, որ Արգենտինայից հետո Ջավախքում ծառայելն իր համար պատիվ է:
«Շատերն ինձ հարցնում են, ինչպես ես Արգենտինայից հետո Ջավախք գնալու: Ես հայտարարում եմ, որ Արգենտինայից հետո Ջավախքում ծառայելն ինձ համար պատիվ է: Դեռեւս չգիտեմ թե ջավախահայությունն ինչ ակնկալիք ունի, բայց ես շատ մեծ ակնակալիք ունեմ», – նշել էր Սամցխե-Ջավախքի եւ Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության առաջնորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը NOR ռադիոկայանի հետ հարցազրույցում։
Հարկ է նշել, որ Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանը արդեն մեկ տարի է ինչ Ջավախքից տեղափոխվել էր Մայր Աթոռ։
Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանի 2019թ. Ջավախքում նշանակվելու և գործունեության մասին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված հղումներում.