Նինո Սվանիձեն միակ վրացին է հայերով բնակեցված Նինոծմինդայի շրջանի Ժդանովական գյուղում։
Ախալցխայից Նինոծմինդայի շրջան է գործուղվել 1997 թվականին որպեսզի գյուղում դասավանդի պետական լեզուն՝ վրացերենը։ Գյուղում այդ թվականներին վրացերենի իմացությունը պարտադիր չէր և շատ քչերն էին տիրապետում պետական լեզվին։
Որպեսզի նորեկ ուսուցչուհին լիարժեք կարողանար հաղորդակցվել աշակերտների և հայերի հետ, սկսում է սովորել հայերեն լեզուն՝ զուգահեռ դասավանդելով վրացերենը։ Նա դրանում խնդիր չի տեսել և մինչև այսօր էլ չի տեսնում։ Չնայած ասում է, որ սկզբնական շրջանում միակ դժվարությունը դա է եղել։
2019 թվականից Նինո Սվանիձեն չի աշխատում դպրոցում, թոշակառու է, և շարունակում է մնալ հայերով բնակեցված գյուղում։ Չնայած ծննդավայրը Ախալցխայի շրջանի Ածղուրի գյուղն է, բայց չի պատրաստվում վերադառնալ ծննդավայր.
«Ես չեմ պատրաստվում հեռանալ այստեղից քանի դեռ առողջականս ներում է։ Գյուղը և բնակիչները ինձ համար արդեն շատ հարազատ են, եթե ես գնամ ինձ համար շատ դժվար կլինի»- ասում է Նինո Սվանիձեն։
Տանը որտեղ բնակվում է Նինո Սվանիձեն, անմխիթար վիճակում է.
«Ես ապրում եմ կենսաթոշակով։ Եթե այստեղ մնայի զուտ փողի համար, ապա ես այսպիսի բնակարանում չէի ապրի»,- ասում է նախկին ուսուցչուհին։
Ապրելով գյուղում 69-ամյա վրացուհին չի զբաղվում անասնապահությամբ, ասում է դժվար է իր համար, տարիքը չի ներում, իսկ կաթ, մածուն ու պանիր հարևաններն ու գյուղացիներն են հյուրասիրում, միևնույն ժամանակ ասում է, որ եթե տանը ծանր գործեր է ունենում, ապա օգնության են հասնում երիտասարդները ում որ ինքը դիմում է։
Նինո Սվանիձեի միակ զբաղմունքը կարտոֆիլ մշակելն է, այն էլ քիչ քանակությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում.
Նինո Սվանիձեի նախկին գործընկեր և համագյուղացի Խնկո Քաշանյանը ասում է, որ Նինոյի հետ դպրոցում միայն դրսևորվել է փոխադարձ հարգանք և միջէթնիկական խնդիրներ երբևէ չեն եղել։
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.
Լուսանկարում Խնկո Քաշանյանն է