Փաշինյանի ակնարկը Վրաստան այցից առաջ. Իրան-Հայաստան-Վրաստան գծի հեռանկարը

Փաշինյանի ակնարկը Վրաստան այցից առաջ. Իրան-Հայաստան-Վրաստան գծի հեռանկարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության սեպտեմբերի 8-ի նիստում անդրադարձել է ռեգիոնալ կոմունիկացիաների ապաշրջափակման հարցին և նշել, որ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով քննարկվում է այդ հարցն ու Հայաստանն անելու է առավելագույնը, այդտեղ առաջընթացի համար: Միաժամանակ նա նշել է, որ Ադրբեջանն էլ իհարկե ակնկալում է հաղորդակցություն իր արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև: Ադրբեջանը սակայն կարծես թե ակնկալում է ոչ թե հաղորդակցություն, այլ «հաղորդակցության կարգավիճակ», կամ ինչպես իրենք են ասում՝ «միջանցք»: Այսինքն, Բաքվի համար հարցը զուտ հաղորդակցությունը չէ, այլ այդ հաղորդակցության ճանապարհի հանդեպ կարգավիճակային իրավունքը, որը փաստորեն թույլ կտա իրավունք ունենալ Հայաստանի սուվերեն տարածքի որևէ հատվածի նկատմամբ: Ինչպես հայտնի է, Երևանը պարբերաբար կրկնում է, որ չի քննարկել ու չի քննարկի որևէ միջանցքի հարց: Այդ դեպքում, ինչպե՞ս է հնարավոր Բաքվին բերել ապաշրջափակման շուրջ գործնական քննարկումների դաշտ: Դա հնարավոր է կամ որևէ պարտադրանքի միջոցով, ճնշման ճանապարհով, կամ «միջանցքի» պնդման փոխարեն որևէ այլ քաղաքական փոխզիջումով: Առայժմ սակայն հնարավոր չէ նշմարել որևէ տարբերակ, հետևաբար խիստ մշուշոտ է թվում ռեգիոնալ ապաշրջափակման հեռանկարը:

Միևնույն ժամանակ հատկանշական է, որ Փաշինյանն այդ խնդրին անդրադառնում է երկու համատեքստում՝ ուղղակի, և անուղղակի: Նա անդրադառնում է խնդրին ուղղակիորեն Վրաստան կատարելիք այցից ժամեր առաջ, խոսելով նաև Իրան-Հայաստան-Վրաստան ռեգիոնալ հաղորդակցության օրակարգի մասին, և անուղղակիորեն նրա անդրադարձը տեղի է ունենում Երևան ՌԴ Մինսկի խմբի նոր համանախագահի ճանաչողական այցի ֆոնին: Արդյո՞ք Երևանն այդ երկու «համադրությամբ» փորձում է ձևակերպել կամ նշմարել, ուրվագծել միտք, որ Հայաստանն ունի Իրան-Հայաստան-Վրաստան հաղորդուղու վերաբերյալ բավականին համարձակ քաղաքական քննարկումների հիմք, քանի դեռ Ռուսաստանը եռակողմ մակարդակում չի կարողանում ապահովել թե ապաշրջափակման, թե մինչ այդ նաև ռազմագերիների վերադարձի խնդիրների լուծումը:

Բանն այն է, որ Ռուսաստանի համար թերևս այնքան էլ ողջունելի չէ Իրան-Հայաստան-Վրաստան օրակարգի քննարկումը և Թբիլիսի այցից առաջ Նիկոլ Փաշինյանը թերևս փորձում է ակնարկել, որ ոչ թե Հայաստանն է «պարտք» Մոսկվային, այլ Ռուսաստանն է «պարտք» Հայաստանին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ և 9-րդ կետերի իրագործումը: Պետք չէ բացառել իհարկե նաև տարբերակը, երբ խոսքը ոչ թե Ռուսաստանին ուղղված ակնարկի մասին է, այլ Ռուսաստանի «մասնակցությամբ» ակնարկի, որով Մոսկվան իր հերթին կարող է որոշակի ազդակ հղել Բաքվին, որ կարծր գիծը պահելու դեպքում Մոսկվան այդուհանդերձ կարող է խաղալ Իրան-Հայաստան-Վրաստան գծով: 1in.am