Վրաստանի կրթության նախարարության նախաձեռնությամբ ուսուցիչներն ու դպրոցականները կօգտվեն ինտերնետի արտոնյալ փաթեթներից, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Կրթության նախարարության և Վրաստանում գործող երեք բջջային օպերատորների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի համաձայն՝ երկրի դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները 2021-2022 ուստարվա ընթացքում կկարողանան օգտվել ինտերնետի արտոնյալ փաթեթներից:
Հուշագրի նպատակն է հեռավար ուսուցումն ավելի հասանելի դարձնել համաճարակի պայմաններում:
Բջջային օպերատորները ուսուցիչներին և ուսանողներին կառաջարկեն 20 ԳԲ շարժական ինտերնետի փաթեթ 10 լարիով, ինչը 2,5 անգամ ցածր է ստանդարտ արժեքից: Այս գումարը թույլ կտա մեկ ամսվա ընթացքում միանալ առցանց ուսուցմանը:
Նախընտրելի ինտերնետային փաթեթն ակտիվացնելու համար Վրաստանի մասնավոր և պետական դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները պետք է մոտք գործեն Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի հարթակ` www.mobile.emis.ge, նշեն իրենց անձնական համարը, ինչպես նաև գրանցեն իրենց հեռախոսահամարը:
Հարթակը կսկսի գործել սեպտեմբերի 15 -ին: Այս պահին այն չի գործում:
Ինտերնետ փաթեթը վավեր է 30 օր: Ժամկետի ավարտից հետո չօգտագործված մեգաբայթերը չեղյալ են հայտարարվում:
Վատ համաճարակաբանական իրավիճակի պատճառով Վրաստանի դպրոցները ուսումնական տարին սկսում են սեպտեմբերի 15 -ին առցանց: Այս ուսումնական ռեժիմը կտևի մինչև հոկտեմբերի 4 -ը: Այնուհետև այն քաղաքներում կամ գյուղերում, որտեղ վարակի մակարդակը կլինի 4%-ից ցածր, ուսուման պրոցեսը կվերսկսվի դասարաններում: Իսկ այն քաղաքներում և գյուղերում, որտեղ վարակի մակարդակը կլինի 4%-ից բարձր, ուսումը կշարունակվի հեռակա ձևաչափով: