Georgia Online-ի փոխանցմամբ` Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին օգոստոսի 1-ին Թբիլիսիում հանդիպել է պաշտոնական այցով երկրում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Վրաստանի նախագահի մամլո ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերությունները և հետագա համագործակցության խորացման հեռանկարները, հատկապես՝ առևտրատնտեսական ոլորտում:
Վրաստանի նախագահը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Երևանում կատարվող դեպքերի կապակցությամբ և հույս է հայտնել, որ իրավիճակն արագորեն կկարգավորվի Հայաստանի մայրաքաղաքում:
Հանդիպման ժամանակ ընդգծվել է երկու երկրների միջև համագործակցության աճող դինամիկան տրանսպորտի, զբոսաշրջության, էներգետիկայի ոլորտներում, և ցանկություն է հայտնվել խորացնել համագործակցությունը տվյալ ուղղություններով:
Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում տիրող իրավիճակն ու այն մարտահրավերները, որոնք ազդում են տարածաշրջանի երկրների կարևորության ու անվտանգության վրա: Ընդգծվել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցելու կարևորությունը: