Երիտասարդական տարածքների բացակայություն, պետական լեզվի չիմացություն և աշխատանքի տեղավորման խնդիր՝ երիտասարդների կարիքները քաղաքական կուսակցությունների նախընտրական հայացքում:
Նինոծմինդացի Լարիսա Ղարսլիանը Իլիայի պետական համալսարանի կառավարման ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող է։ Նա խոսում է վրացերեն լեզվի չիմացության խնդրի մասին՝ ասում է, որ աշակերտները չեն կարողանում սովորել պետական լեզուն` դպրոցում համապատասխան կադրերի բացակայության պատճառով:
«Դպրոցներում համարյա վրացերեն չենք սովորում, կադրերի բացակայության պատճառով: Ուսուցիչը հայ է և լավ չի տիրապետում վրացերենին: Այդ պատճառով մենք ունենք այս խնդիրը, որ դպրոցում չենք կարող լավ սովորել վրացերեն»:
Լարիսան վրացերենի երկու դասընթաց է անցել Ժվանիայի անվան պետական կառավարման դպրոցում: Սովորելուց հետո նա համալսարան է ընդունվում «1+4» ծրագրով: Նրա նման, Նինոծմինդայի երիտասարդներն ասում են, որ սահմանափակվում են միայն ավանդական կրթությամբ: Ոչ ֆորմալ կրթություն ստանալու հնարավորություն չունեն, ինչն ավելի կխորացներ նրանց գիտելիքները:
«Ոչ ֆորմալ կրթությունը նույնպես խնդիր է Նինոծմինդայում: Իմ կարծիքով, դա գալիս է մտածելակերպից: Մեզ մոտ մարդիկ ոչ ֆորմալ կրթություն չեն կարող ստանալ։ Հիմա կամաց-կամաց գնում ենք այդ ուղղությամբ, շատ քիչ հնարավորություններ ունենք այս առումով»,- ասում է Լաուրան:
Նինոծմինդայում չկա բարձրագույն ուսումնական որևէ հաստատություն: Դպրոցն ավարտելուց հետո երիտասարդները մեկնում են Հայաստան կամ Թբիլիսի` ուսումը շարունակելու: Ուսումնական հաստատություններն ավարտելուց հետո, ովքեր վերադառնում են իրենց հայրենի քաղաք, աշխատանքի տեղավորման խնդիրներ են ունենում, դրա համար ստիպված մնում են Թբիլիսիում և աշխատել բոլորովին այլ մասնագիտությամբ՝ համեմատաբար ցածր վարձատրվող: Իսկ նրանք, ովքեր վերադառնում են աշխատանք չգտնելով՝ մեկնում են արտագնա աշխատանքի, որտեղ տղամարդիկ հիմնականում շինարարությամբ են զբաղվում: Որոշ երիտասարդներ մնում են Նինոծմինդայում և օգնում ծնողներին գյուղատնտեսական աշխատանքներում:
Երիտասարդները նաև ասում են, որ լավ կլիներ, եթե Նինոծմինդայում մասնագիտական կրթարաններ բացվեր, քանի որ այն մարդիկ, ովքեր չեն կարողանում քաղաքից դուրս գնալ սովորելու, մասնագիտական կրթություն կստանան իրենց իսկ քաղաքում:
Վանիկ Ամբրահամյանը Թբիլիսիի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող է: Ապրում է Ջիգրաշեն գյուղում։ Ասում է, որ ընդհանուր կրթություն ստանալը խնդիր է նաև գյուղերում: Բացի դպրոցից, չկան մարզադահլիճներ կամ կենտրոններ, որտեղ երեխաները կարող են այցելել և ոչ ֆորմալ կրթություն ստանալ:
«Երեխաները նստում են տանը և հեռախոսներով խաղում։ Կրթությունը երրորդական է, նրանք մնում են առանց կրթության: Գյուղում ինտերնետ կապը թույլ է, բոլորը չունեն, ովքեր չունեն ինտերնետ հասանելիություն, առցանց ուսուցմանը չեն մասնակցում կամ օգտվում են հեռախոսի ինտերնետիցով, որն անորակ է»:
Վանիկն ասում է, որ գյուղում կա նաև մասնագետ ուսուցչի խնդիր, որն էլ հետագայում ավելի է ազդում աշակերտների կրթության որակի վրա:
«Կան ուսուցիչներ, ովքեր մասնագիտությամբ ուսուցիչ չեն: Օրինակ. ոմանք տնտեսագետ են և աշխատում են որպես ուսուցիչ: Ուսուցիչը մնում է տանը և ոչինչ չի անում, քանի որ նրա փոխարեն տնտեսագետն է աշխատում: Նման ուսուցիչները երեխաներին գիտելիք չեն կարող տալ: Նման փաստերը շատ են գյուղերում և դա մեծ խնդիր է»:
Վանիկը բժշկական ֆակուլտետի ուսանող է: Ավարտելուց հետո նա ցանկանում է վերադառնալ Նինոծմինդա և աշխատել իր մասնագիտությամբ:
Երիտասարդական տարածքների բացակայություն
Սա հին պուրակն է քաղաքի կենտրոնում: Տարածքը լքված է, անտեսված և խոտածածկ: Վնասված և ժանգոտված ադրակցիոնի հետքերը դեռ պահպանվում են։ Տասնամյակներ շարունակ այստեղ ոչ-ոք չի հավաքվել:
Նինոծմինդայի երիտասարդության համար մեկ այլ և կարևոր խնդիր է հավաքվելու և շփվելու տարածքների բացակայությունը:
«Չկան վայրեր, որտեղ մենք կարող ենք լավ և արդյունավետ ժամանակ անցկացնել: Օրինակ՝ տարածքներ, գրադարաններ, սրճարան-գրադարաններ, որոնք մեզ շատ կօգնեն», – ասում է Լաուրա Անեսյանը:
Տեղացիների միակ հավաքատեղին՝ աշակերտների երիտասարդական տան բակն է, և այնտեղ գտնվող այգին, որտեղ մինչ հիմա վերանորոգման աշխատանքներ են ընթանում:
Բացի այս վայրից, քաղաքի թաղամասերում չկան պուրակներ և մարզադաշտեր: Առավել բարդ է իրավիճակը գյուղերում, որտեղ երիտասարդները հնարավորություն չունեն արդյունավետ անցկացնել իրենց ազատ ժամանակը:
Լարիսան մտածում է համալսարանն ավարտելուց հետո բիզնես սկսելու մասին։ Ուզում է սոցիալական ձեռնարկություն բացել Նինոծմինդայում: Եթե նա չկարողանա իր ծրագրերն իրականացնել հայրենի քաղաքում, ապա կմնա Թբիլիսիում: Ինչպես Լարիսան է ասում՝ Նինոծմինդայի շրջանում երիտասարդների համար աշխատանք գտնելը և զբաղվածությունը, թիվ մեկ խնդիրն է:
«Մեծ թվով երիտասարդներ գնում են սովորելու, վերադառնալով Նինոծմինդա և աշխատանք չեն գտնում: Հատկապես պետական հատվածում աշխատում են մարդիկ, ովքեր ընդհանրապես վրացերեն չգիտեն, սա մեծ խնդիր է, և, հետևաբար, այստեղից է գալիս երրորդ խնդիրը՝ նեպոտիզմը, ինչն անձամբ ես համարում եմ մեծ խնդիր: Բոլոր ծանոթները մի վայրում են աշխատում: Երիտասարդները վերադառնալով տեում աշխատանք չեն գտնում»:
Աշխատանքի տեղավորվելը գլխավոր խնդիր է համարվում նաև «Սամցխե-Ջավախքի մեդիա» կենտրոնի (SJM) ֆոկուս խմբի ուսումնասիրությունում:
SJMC-ի հետազոտությունը
Կազմակերպությունն ուսումնասիրել է Նինոծմինդայի տեղական բյուջեն «Ինքնակառավարում տեղական համայնքի համար» ծրագրի շրջանակներում, ինչ գումար է հատկացվում երիտասարդներին: Ինչպես պարզվեց, բյուջեի 16-րդ հոդվածը տրամադրված է մշակույթին, երիտասարդությանը և սպորտին։ Այս ոլորտի ֆինանսավորման համար հատկացվել է 826.500 լարի: Այս գումարը հիմնականում օգտագործվում է աշակերտների-երիտասարդական կենտրոնի, մարզադպրոցի, մշակութային և սպորտային միջոցառումների ֆինանսավորման համար:
Բյուջեն վերանայելուց հետո «Սամցխե-Ջավախքի մեդիա» կենտրոնն ուսումնասիրել է Նինոծմինդայի երիտասարդական ֆոկուս խմբի կարիքները` առաջնահերթությունները պարզելու նպատակով:
Հարցմանը մասնակցել են տարբեր սեռի և մասնագիտության անձիք, 18-ից 30 տարիքային խմբում։
Ինչպես նաև ծրագրի շրջանակներում, Նինոծմինդայի փողոցներում և գյուղերում թիմը հանդիպել է տեղական համայնքի ներկայացուցիչներին:
Նշված հանդիպումների և բնակչության հետ դեմ առ դեմ երկխոսության արդյունքում, ձայների մեծամասնությունը սահմանել է այն առաջնահերթությունները, որոնք առավելապես վերաբերում են երիտասարդներին: Դրանք են՝
. աշխատանքի տեղավորման հնարավորության բացակայություն
. երիտասարդական տարածքների բացակայություն` զբոսայգիներ, մարզադաշտեր
. պետական լեզվի չիմացություն
. երիտասարդական նախաձեռնությունների ֆինանսավորման բացակայություն
. ներառական կրթության հետ կապված դժվարություններ
. մասնագիտական կրթության բացակայություն
Բացահայտված վեց հիմնական խնդիրներից, Նինոծմինդայի երիտասարդների համար ամենագլխավորը երիտասարդական տարածքների բացակայությունը, պետական լեզվի չիմացության և գործազրկության խնդիրն է:
Այս խնդիրները տարիներ շարունակ շրջանում չի լուծվել:
Նինոծմինդայի ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին հարցրինք, թե ինչպե՞ս են մտադիր լուծել վերը նշված խնդիրները:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին Նինոծմինդայում գրանցվել է 8 քաղաքական կուսակցություն և քաղաքապետի մեկ անկախ թեկնածու:
Մեր ուղարկած հարցերին պատասխանել է ընդամենը չորս կուսակցություն:
Երիտասարդների խնդիրները լուծելու նրանց տեսլականները հետևյալն են՝
«Եվրոպական Վրաստան»
«Սպորտի զարգացման շրջանակներում» տեղական բյուջեից ֆինանսավորվող տարբեր մարզական մարզիչներ կլինեն։
«Վրացերենին տիրապետողների համար աշխատատեղ այլևս չկա, քանի որ տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց ծանոթների համար աշխատատեղերի մենաշնորհ են ստեղծել»:
«Միացյալ ազգային շարժում»
«Գյուղերում պետք է ստեղծվեն նորմալ պայմաններ, որպեսզի երիտասարդներն իրենց ազատ ժամանակը արդյունավետ անցկացնեն: Մշակույթի տներում երիտասարդների համար պետք է լինի համապատասխան, ժամանակակից սարքավորումներով կահավորված սենյակ: Նաև Նինոծմինդայի աշակերտական-երիտասարդական տունը պետք է հագեցած լինի ժամանակակից սարքավորումներով` ակտիվ գործնեության համար:
Նինոծմինդայում պետք է ստեղծվի մասնագիտական-տեխնիկական դպրոց, որը կգործի տեղական բյուջեի հաշվին:
Երիտասարդները տիրապետում են վրացերեն լեզվին: Առաջին հերթին անհրաժեշտ է Նինոծմինդայի տեղի բնակիչներին աշխատանքի տեղավորել, որպեսզի երիտասարդները ցանկանան վերադառնալ իրենց շրջան և այստեղ աշխատելու չգան այլ շրջաններից»:
«Գախարիան՝ Վրաստանի համար»
«Գյուղական համայնքների շենքերը պետք է հագեցած լինեն սարքավորումներով՝ տարբեր միջոցառումների և երիտասարդների հանգստի համար:
Երիտասարդական միջոցառումների և ազատ ժամանակն անցկացնելու համար գյուղական համայնքներում եղած շինությունները պետք է կահավորվեն համապատասխան սարքավորումներով։
Ապահովել երիտասարդների համար պրակտիկա՝ Նինոծմինդայի բոլոր կառույցներում և հաստատություններում:
Նինոծմինդայում պետք է ստեղծվի մասնագիտական-տեխնիկական դպրոց, որտեղ էլ տարածաշրջանի համար անհրաժեշտ մասնագիտությունները կուսուցանվեն:
Պետական լեզվի չիմացությունն աշխատանքի տեղավորման խոչընդոտ չէ: Մեր տարածաշրջանի երիտասարդների մեծ մասը խոսում է պետական լեզվով և լավ մասնագետներ են, սակայն նրանք այստեղ աշխատանքի չեն ընդունվում՝ այստեղի կլանային համակարգի պատճառով»:
«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան»
«Ինչ վերաբերում է երիտասարդական տարածքների դասավորությանը, ապա տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես իր գործունեության ժամանակահատվածում, ինչպես նաև հետագա գործունեության ընթացքում առաջնահերթություն է համարում սպորտային դաշտերի, պուրակների, մարզադաշտերի և ճանաչողական տարածքների ստեղծումը:
Վերջին 4 տարում քաղաքապետարանում վերանորոգվել է 8 նոր մարզադաշտ, և կառուցվել է 5 նոր մարզադաշտ: Ինչ վերաբերում է զբոսայգիների կառուցմանը, ապա ցանկանում ենք տեղեկացնել, որ 2021 թվականին նախատեսվում է մեկ նոր հրապարակ կառուցել Նինոծմինդա քաղաքում, իսկ «Նորացված տարածաշրջաններ» ծրագրի շրջանակում՝ քաղաքի երկու այգիների վերականգնումն արդեն սկսվել է։
Այս գործընթացն, իհարկե, կշարունակվի և միջոցներ կհատկացվեն տեղական բյուջեից` վերը նշված ծրագրերի իրականացման համար:
Ինչ վերաբերում է մասնագիտական ուսուցման և պրակտիկայի ծրագրին, ինչպես գիտեք, Նինոծմինդայի դիմորդների մեծ մասը ընդունվում է Վրաստանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններ: Պետական ծրագրով նախատեսված պրակտիկայի ծրագիրը արդիական է նաեւ մեր քաղաքապետարանում: 2021 թվականին վեց ուսանողներ պրակտիկա կանցնեն Նինոծմինդայի քաղաքապետարանում: Վերջին չորս տարում ինքնակառավարման ոլորտում աշխատանքի է տեղավորվել հինգ շրջանավարտ։ Մեր շահերից է բխում, որ քաղաքապետարանի տարբեր ստորաբաժանումներում ավելի շատ երիտասարդներ տեղավորվեն:
Համապատասխան ծրագրեր են ներդրվել Նինոծմինդայի մունիցիպալիտետում՝ որպես Վրաստանի փոքրամասնությում բնակեղված շրջան, պետական լեզվի յուրացման համար: Առավել հարմարեցված ծրագրերից է Զուրաբ Ժվանիայի անվան պետական կառավարման դպրոցի ծրագիրը, որտեղ պետական լեզվից բացի, պետական ծառայողներն ուսումնասիրում են պետական լեզուն, իրենց ոլորտում: «1+4» ծրագրի օգտագործումը նաև նպաստում է լեզվի ուսուցման և հետագա բարձրագույն կրթություն ստանալու, իրենց ցանկալի ֆակուլտետում: Ինչ վերաբերում է վաղ տարիքից վրացերեն սովորելուն, քաղաքապետարանը նախատեսում է երկլեզու կրթություն ներդնել նախադպրոցական հաստատություններում»:
Այդպիսին է չորս կուսակցությունների տեսակետները երիտասարդության խնդիրների վերաբերյալ։
Թե ով կշարունակի աշխատել այս թեմայով տեղական ինքնակառավարման գործունեության շրջանակներում, պարզ կդառնա հոկտեմբերի 2-ի ընտրություններից հետո:
Արդյո՞ք դա կլինի պարզապես խոստում կամ ճիշտ քայլ։ «Սամցխե-Ջավախքի մեդիա» կենտրոնը կհետևի ինքնակառավարման ընտրություններում հաղթող կուսակցության կողմից իրականացվող աշխատանքներին` հետագայում ևս երիտասարդության մարտահրավերներին լուծում տալու նպատակով:
«Սամցխե-Ջավավխքի մեդիա» կենտրոնի կողմից իրականացվող «Ինքնակառավարում տեղական համայնքի համար» ծրագրի շրջանակներում պատրաստվել է մուլտիմեդիա նյութ։
Նյութը պատրաստվել է՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) ֆինանսական աջակցությամբ:
Նյութի բովանդակության համար պատասխանատու է հեղինակը, և այն չի արտացոլում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) պաշտոնական տեսակետները: