Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի տոնը՝ «Թբիլիսոբան» այս տարի կնշվի։ Թեև ավելի վաղ խոսվում էր, թե տոնական միջոցառումները ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի կորոնավիրուսով պայմանավորված կչեղարկվեն, այնուամենայնիվ որոշվել է, այս տարի նշել սիրված տոնը, սակայն փոփոխված ձևաչափով։ Տոնական համերգը կանցկացվի հոկտեմբերի 24-ին Մթածմինդայի այգում, սակայն հաշվի առնելով երկրում տիրող համաճարակաբանական իրավիճակը և համապատասխան կանոնակարգերը, համերգը տեղի կունենա առանց հանդիսատեսի և կցուցադրվի ուղիղ եթերով։
Համերգային ծրագիրը ներառում է Թբիլիսիին նվիրված՝ հանրության կողմից սիրված և հայտնի երգերի նոր տարբերակներ:
«Թբիլիսոբային» նվիրված միջոցառումների համար այս տարի կծախսվի 498 500 լարի (մոտ 158.5 հազար դոլար):
Սա առաջին անգամը չէ, որ քաղաքապետարանը հարյուր հազարավոր լարի է ծախսում համերգի վրա, որին քաղաքացիները ֆիզիկապես չեն կարող ներկա գտնվել: Հիշեցնենք, որ 491 000 լարի էր (մոտ 156.27 լարի դոլար) ծախսվել նաև 2020 թվականի դեկտեմբերի 31-ին անցկացված Ամանորյա համերգի վրա, որը, սակայն, ևս կայացել էր առանց հանդիսատեսի:
Թբիլիսիի քաղաքապետարանից պատասխանելով միջոցառման հետ կապված քննադատական մեկնաբանություններին, նշել են, որ պետական տոներին նվիրված միջոցառումները, այդ թվում՝ Թբիլիսոբան, ունեն պետական և հասարակական կարևոր նշանակություն, և դրանց բարձր մակարդակով անցկացումը ծառայում է երկրի սոցիալական, մշակութային և հանրային այլ կարևոր նպատակների իրականացմանը։
«Ցանկանում եմ տեղեկացնել, որ մենք կունենանք պատվավոր թբիլիսցիների պարգևատրման միջոցառում, և դուք կարող եք ուղիղ եթերով հետևել համերգին», — սեպտեմբերի 29-ին ասել է քաղաքապետ Կախա Կալաձեն:
Հիշեցնենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 5-ին համակարգող խորհուրդը որոշեց հանել օգոստոսի 14-ից ուժի մեջ մտած համերգների և փառատոնների սահմանափակումները: aliq.ge