Գազի գնի կտրուկ աճը հանգեցրել է նրան, որ այն 2014 թ.-ից ի վեր առաջին անգամ նավթից բարձր գին է գրանցել։ Ընդ որում, գազը երբեք նավթից թանկ գինն այդքան երկար չի պահպանել, որքան այս տարի։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին նշվում է Argus միջազգային գնային գործակալության հաշվետվությունում։ Այս հանգամանքը մի քանի երկրների ստիպել է գալիք ձմռանն ընդառաջ իրենց արտադրական հզորությունների մի մասի անցում կատարել հեղուկ վառելիքի։ Այս միտումը կարող է ուժեղանալ, եթե ձմեռը ցրտաշունչ լինի։
Այս տարվա հուլիսին Հյուսիսարևելյան Ասիայում գազի գները բարձրացել էին նավթի համարժեքից (պայմանական մեկ բարել նավթ, որը պարունակում էր 5,8 միլիոն բրիտանական ջերմային միավոր): Վերջին անգամ դա տեղի էր ունեցել 2014 թվականի ձմռանը, նշում է Argus-ը: Սակայն այն ժամանակ գազը հունվար-փետրվար ամիսներին նավթի համարժեքից թանկ գին էր պահպանել 37 օր: Իսկ այս տարի նման իրավիճակը պահպանվել է 62 առևտրային օրվա ընթացքում, հետևում է զեկույցից:
Եվրոպական գազի պահեստարանների ցածր լցվածության ֆոնին TTF գազի ֆյուչերսների արժեքը վերջին շաբաթներին արագացրել է աճը: Ամեն առևտրային օր TTF-ը սահմանում է պատմական նոր առավելագույն արժեքներ՝ մոտենալով 1000 խորանարդ մետրի համար 2000 դոլարի՝ չնայած մեկ տարի առաջ դրա արժեքը մոտ 10 անգամ ավելի քիչ էր: shantnews.am