Ախալքալաքի տոնավաճառի աշխատակիցներին մեկ շաբաթ առաջ կանչել են դատախազություն՝ տոնավաճառում վաճառատեղերի համար չվճարելու հարցով։ Ինչպես տոնավաճառի առևտրականներն են ասել՝ դատախազություն է գնացել մոտ 10 առևտրական։
Դատախազությունում առևտրականներից փորձել են ճշտել հետևյալ հարցերի պատասխանները. քանի՞ տարի է չեն վճարում առևտրական տեղերի համար, իսկ երբ վճարում էին, ո՞վ էր հավաքում գումարը և ինչքա՞ն գումար են վճարել, արդյո՞ք էլեկտրաէներգիայի գումար են վճարել կամ վճարում են:
Քաղաքապետ Յուրիկ Ունանյանը Jnews-ին հայտնել է. «Ճիշտն ասած ես չգիտեմ, ինչումն է կայանում խնդիրը: Ես գործի բնույթին ծանոթ չեմ, բայց որ մարդկանց հրավիրում են հարցաքննության, տեղյակ եմ: Դա նորություն չէր, որ ժողովրդից գումար չէինք հավաքելու, որ մի տարի պետք է մնար, հետո տեղափոխեինք, տարածքը մաքրեինք ու գեղեցկացնեինք, սակայն ձգձգվեց ու այդպես էլ մնաց։ Աուդիտի որոշման հիման վրա, նրանք համապատասխան ստուգում են անցկացնում և պարտական են անելու, յուրաքանչյուր տեղ էլ այդպես են անում, նայում են, հանցակազմ հո գոյություն չունի»։
Տոնավաճառի աշխատակիցները 2018 թվականից առևտրական տեղերի համար գումար չեն տալիս։