Կարտոֆիլը հիմա պետք է վաճառել, որ հետո խնդրի առաջ չկանգնել

Կարտոֆիլը հիմա պետք է վաճառել, որ հետո խնդրի առաջ չկանգնել

Վրաստանը ապրում է կորոնավիրուսի չորրորդ ալիքը և դեռևս գործում են մի շարք սահմանափակումներ, որոնք ունեն նաև տնտեսական բնույթ։

Չնայած դրան, տնտեսական ճյուղերից մեկը՝ կարտոֆիլագործությունը, Նինոծմինդայի մունիցիպալիտետում ընդանում է մեծ թափով։ «Անցյալ տարին ու այս տարին անհամեմատելի են», -ասում են բնակիչները։

Ովքեր անցյալ տարի մշակել էին քիչ քանակությամբ կարտոֆիլ՝ ոչինչ չեն կորցրել, ովքեր մշակել էին մեծ քանակությամբ՝ սահմանները փակ լինելու պատճառով, չեն կարողացել վաճառել և ստացված ողջ բերքը դեն են նետել։

«Ես անցյալ տարի մշակել էի այնքան, որքան որ հարկավոր էր ձմռան համար, հետևաբար համաճարակի պատճառով ես ոչինչ չկորցրեցի, իսկ մեծ քանակությամբ կարտոֆիլ մշակողները չկարողացան վաճառել բերքը և մեծ վնասներ կրեցին։ Այս տարի կրկին քիչ էի մշակել, բայց բերքը շատ առատ էր, նույնիսկ 500 կգ վաճառեցի՝ կիլոգրամը մեկ լարիով», -ասում է Նինոծմինդայի շրջանի բնակիչ Կամո Սիմոնյանը։

Նինոծմինդայի շրջանի Մեծ Գոնդուրա գյուղի 64 ամյա բնակիչ Ռազմիկ Առաքելյանը ամեն տարի մշակում է 1 հեկտար տարածությամբ կարտոֆիլ և այս տարի ստացել է 15-20 տոննա բերք, այն էլ խոշոր։ Նա ասում է, որ այս տարի բերքը շատ լավ է, գինն էլ է շատ լավ, կիլոգրամը՝ 1 լարի, մինչդեռ անցյալ տարվա կարտոֆիլի բերքը վաճառել է գարնանը 20 թեթրիով։ Նա ասում է, որ կարտոֆիլի արտահանման հետ կապված այս տարի ոչ մի խնդիր չկա:

Нет описания.

«Գնորդները հիմնականում Ադրբեջանից են Ռուսաստանից, Վրաստանում էլ է վաճառվում։ Արդեն 10 տոննա կարտոֆիլ եմ վաճառել»,- ասում է Ռազմիկ Առաքելյանը։

Ինչ վերաբերվում է կատարված ծախսին ու ստացված եկամուտին, Ռազմիկ Առաքելյանը ասում է, որ այս տարի 50 թեթրի կմնա իրեն՝ յուրաքանչյուր կիլոգրամի մեջ։

Իսկ թե ինչպիսին է կարտոֆիլի ընդհանուր բերքը այս տարի և ինչ գներ են շուկայում՝ զրուցել ենք փորձագետ, Ախալքալաքի կարտոֆիլի ասոցիացիայի ներկայացուցիչ Մախարե Մացուկատովի հետ։

Մացուկատովը ասում է, որ բերքատվությունը այս տարի լավ է, կարտոֆիլի գինն էլ 1-ից 1,20 լարի, որը նույնպես լավ է, միաժամանակ նշելով, որ շատ կարտոֆիլագործներ մտածում են, թե կարտոֆիլի գները ավելի կբարձրանան և կհասնեն մինչև 3 լարի, բայց ըստ փորձագետի՝ ֆերմերները պետք է հաշվի առնեն, որ հունվար փետրվարին Եգիպտոսում և Իսրայելում կսկսվի վաղահաս կարտոֆիլի բերքահավաքը և շուկայում կհայտնվեն այլ մրցակիցներ ևս, ըստ այդմ էլ, հիմա պետք է վաճառեն կարտոֆիլը, որ հետո խնդրի առաջ չկանգնեն։

Ինչ վերաբերում է կարտոֆիլ հավաքողների վարձավճարի թանկացումներին, որը կազմում է 60-70 լարի (նախկինում 25-35 լարի) ըստ փորձագետի այն կապված է ինֆլյացիայի հետ։

Нет описания.

Մինչդեռ բնակիչները դա չեն կապում ինֆլյացիայի հետ, այլ պնդում են, որ կորոնավիրուսի ու սահմանափակումների պատճառով ամեն ինչ թանկացավ և հետևաբար իրենց աշխատանքի վարձավճարն էլ թանկացրին։

«Անցյալ տարի հավաքում էինք օրը 25- 30 լարիով, այս տարի՝ 60- 70 լարիով։ Կորոնավիրուսի պատճառով ամեն ինչ անխղճաբար թանկացավ։ Ես առողջություն չունեմ, բայց որոշեցի կարտոֆիլ հավաքելու գնամ, որպեսզի փող վաստակեմ և ծերը ծերին հասցնեմ»,-ասում է Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղի բնակչուհի Զինա Բեզոյանը։

Ինչ վերաբերվում է կարտոֆիլի արտահանմանը, փորձագետ Մախարե Մացուկատովը այն չի կապում կորոնավիրուսի հետ, նա ասում է, որ դա կապված է հարևան երկրներում կարտոֆիլի ցածր բերքատվության հետ։ Փորձագետը նկատում է, որ սահմանները բաց լինեն թե փակ միշտ կգտնվի ելք՝ ապրանքը տեղափոխելու համար։

Մենք զրուցեցինք նաև Վրաստանյան գնորդներից մեկի հետ, ով կարտոֆիլը գնում է Նինոծմինդայից և բեռնատարով տանում է Ռուսաստան։

«Այս պահին կարտոֆիլը տանում եմ Ռուսաստան։ Ասեմ, որ լավ վաճառվում է։ Գնում եմ մեկ լարիով։ Փոքրերը ավելի թանկ արժեն քանի որ սերմացու են։ Սա արդեն տասներորդ անգամն է, արդեն 200 տոննա տեղափոխել եմ»,- ասում է Գելան։

Մանրամասները՝ աուդիոնյութում.

Radio NOR · Կարտոֆիլը Պետք Է Վաճառել Հիմա, Որ Հետո Խնդրի Առաջ Չկանգնել