Մառնեուլիի շուկայում այրվել է 9 խանութ, որոնցից յոթը՝ սպասքի, իսկ երկուսը՝ հագուստի։ Հրդեհի պատճառների մասին առայժմ տեղեկություն չկա: Հաղորդում է Ռադիո Մառնեուլին:
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնել են, որ հրդեհի հետևանքով տուժածներ չկան։
Շուկայի տնօրինության մեկնաբանմամբ՝ սպասում են տեղում փորձաքննության, և մանրամասները հայտնի կդառնան փորձագետների աշխատանքից հետո։
«Ես ունեմ մոտ 50-80 հազար լարիի (մոտ 16-25.000 դոլար) կորուստ: Ամբողջ շուկան, հավանաբար, մոտ 100 հազար լարիի (մոտ 32․000 դոլար) կորուստ ունի: Պատճառները մեզ հայտնի չեն»,- ասում է առևտրականներից մեկը։
Ներքին գործերի նախարարությունում միջադեպը հետաքննվում է Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածով, որը նախատեսում է ուրիշի գույքի վնասում կամ ոչնչացում:
Հրդեհը բռնկվել է հոկտեմբերի 20-ի երեկոյան: Տեղում մոբիլիզացվել է հրշեջ-փրկարարական ջոկատ, որին հաջողվել է մի քանի ժամում կրակը տեղայնացնել:aliq.ge