2021թ. հոկտեմբերի 21-ին Թբիլիսիի «Ամիրանի» կինոթատրոնում Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ տեղի ունեցավ ֆիլմի հեղինակ և պրոդյուսեր Դավիթ Բեժիտաշվիլիի «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» («Frunzik Mkrtchyan: India Remembers Me») վավերագրական ֆիլմի ցուցադրությունը։ Ֆիլմը պատմում է մեծանուն հայ դերասան Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանի՝ հնդկական ֆիլմերում ունեցած դերակատարումների մասին։ Ֆիլմի պրեմիերան կայացել էր 2021թ. օգոստոսի 14-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում։
Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան, Վրաստանի խորհրդարանի Մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլկվաձեն, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հայ և վրացի հասարական-քաղաքական և մշակութային գործիչներ, Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ, այլ հյուրեր։
Ֆիլմի հեղինակի հրավերով ցուցադրությանը ներկա հյուրերին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը։
Ցուցադրությունից առաջ հանդիսատեսի համար իրենց գեղեցիկ ելույթով հանդես եկան նաև Թբիլիսիի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնի սաները։ Վրաստանում Հայաստանի դեսպանություն