ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի քաղաքացիություն է շնորհել ուրուգվայցի դերասանուհի և երգչուհի Նատալյա Օրեյրոյին և նրա որդուն՝ Մերլին Ատահուալպա Մոլիո Օրեյրոյին, համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում։
Ընդհանուր առմամբ, քաղաքացիություն ստացածների ցուցակում կա 30 մարդ՝ չհաշված նրանց անչափահաս երեխաներին։ Այն անձինք, ովքեր հրամանագրի ստորագրման պահին եղել են մինչև 18 տարեկան, քաղաքացիություն կստանան ծնողների երդումից հետո։
Պետության ղեկավարի կողմից Ռուսաստանի քաղաքացիություն ստացածների թվում կան նաև Տաջիկստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Վիետնամի, Չեռնոգորիայի, Թուրքիայի, Նիգերիայի, Վրաստանի, Աֆղանստանի, Բանգլադեշի, Պակիստանի և Ուզբեկստանի քաղաքացիներ։
Օրեյրոն խնդրել էր իրեն Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրել անցյալ ամառ: Հետո նա ասել է, որ իրեն առաջարկել են ռուսական անձնագիր ստանալ Արգենտինայում ՌԴ դեսպանատանը, քանի որ ինքը շատ է ճանապարհորդում և «այնքան շատ կապեր ունի Ռուսաստանի հետ»։ «Ես ասացի, որ դա ինձ համար պատիվ կլինի։ Այսպիսով, ես լրացրեցի մի տրցակ թղթեր, որոնք ինձ խնդրեցին և սպասում եմ», – ասել է նա:
Օրեյրոն հիշեցրել է, որ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու պատմությունը սկսվել է 2019 թվականի մարտին Առաջին ալիքի «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման ժամանակ իր կատակով: «Ես Իվան Ուրգանտի ծրագրում էի, և նա ինձ ասաց, որ օտարազգի կանանց մեջ ես ամենառուսն եմ։ Ես նրան պատասխանեցի, որ կասկած չունեմ։ Իսկ ես ասացի, որ Պուտինը պետք է ինձ քաղաքացիություն տար։ Ես սա ասացի կատակով, այլ ոչ թե խնդրանքով, որ դա տեղի ունենա, բայց, իհարկե, շատ էի ցանկանում Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ»,- նշել է դերասանուհին։
Ավելի ուշ Օրեյրոն հայտարարել է, որ չի պատրաստվում ապրել Ռուսաստանում, սակայն ցանկանում է երկրի քաղաքացիություն ստանալ՝ որպես երախտագիտության նշան ռուսների սիրո համար։ «Իհարկե, ես Ռուսաստանում չեմ ապրի, ես բնակության վայր ունեմ Արգենտինայում, իսկ տղաս դպրոց է հաճախում Արգենտինայում, բայց սա միջոց է շնորհակալություն հայտնելու այն սիրո համար, որ նրանք՝ ռուսներըինձ տալիս են»,- ասել է Օրեյրոն և հավելել, որ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալը «խորհրդանշական պատիվ» կլինի իր համար։
Ռուսաստանում Օրեյրոն հանրաճանաչություն ձեռք բերեց արգենտինական «Վայրի հրեշտակ» հեռուստասերիալում իր դերով, որը ցուցադրվեց 1999 թվականին։ Նրա՝ Cambio Dolor երգը, որը երգել է դերասանուհին, հիթ է դարձել։ Օրեյրոն ունի նաև Իսպանիայի քաղաքացիություն։