Վրաստանում կառուցվում է Բաղդատի-Աբասթումանի 71 կիլոմետրանոց ճանապարհը, որը կմիացնի երկրի երկու շրջանները՝ Իմերեթին և Սամցխե-Ջավախեթին, հայտարարել է ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարար Իրակլի Կարսելաձեն։
Նրա խոսքով՝ Քութաիսիի օդանավակայանից դեպի Աբասթումանի հանգստավայր նոր ճանապարհով կարելի է հասնել 2,5 ժամում։
«Ճանապարհը լիովին կհամապատասխանի ստանդարտին, հաշվի կառնվի համապատասխան լայնությունը՝ 7 մետր, որն իր պարամետրերով երկգոտի ճանապարհի պայմաններում թույլ կտա ազատ տեղաշարժվել»,- լրագրողներին ասել է նախարարը։
Կարսելաձեի խոսքով՝ 10 կիլոմետրանոց հատվածն արդեն ավարտված է, իսկ 17 կիլոմետրանոց հատվածը կավարտվի հաջորդ տարի։ Նա նշել է, որ ինտենսիվ աշխատանքներ են տարվում նաեւ այլ ոլորտներում։
Միաժամանակ, ըստ Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, կատարված աշխատանքի արդյունքում կբարձրանա ճանապարհային անվտանգության մակարդակը, կկրճատվի ճանապարհորդության ժամանակը Արևմտյան Վրաստանի կենտրոնական հատվածից դեպի վրաց-թուրքական սահման՝ Վալեի անցակետը։
«Ճանապարհի վերակառուցումը կաշխուժացնի տարածաշրջանը և կբարձրացնի տնտեսական ակտիվությունը: Ծրագրի ավարտից հետո Քութաիսիի օդանավակայանից Աբասթումանի ճանապարհորդության ժամանակը կկրճատվի 1,5 ժամով՝ չորսի փոխարեն մինչև 2,5 ժամ»,- ասել է Կարսելաձեն:
Բաղդատի-Աբասթումանի ճանապարհի այսօրվա այլընտրանքը Բաղդատի-Խաշուրի-Աբասթումանի ճանապարհն է, որը զգալիորեն մեծացնում է հեռավորությունը Քութայիսիի օդանավակայանից: Թարմացված երթուղին ամենակարճ ճանապարհով կմիացնի Իմերեթիի, Սամցխե-Ջավախքի և Աջարիայի շրջանները։
Ընդհանուր առմամբ, Բաղդատի-Աբասթումանի ճանապարհի շինարարության ավարտը ծրագրվում է փուլ առ փուլ 2023-2024 թվականներին։