Ուշագրավ ընտրություններ Վրաստանում․ իշխանությունը ձգտելու է Սաակաշվիլու հարցը վերջնականապես «փակել»

Ուշագրավ ընտրություններ Վրաստանում․ իշխանությունը ձգտելու է Սաակաշվիլու հարցը վերջնականապես «փակել»

Վրաստանում  հոկտեմբերի 30-ին տեղի է ունենալու ՏԻՄ ընտրության երկրորդ փուլը: Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու ղեկավարած Միացյալ ազգային շարժում կուսակցությունը «կոալիցիոն ընդդիմություն» է ձևավորում Թբիլիսիի քաղաքապետի ընտրության շուրջ, որտեղ Սաակաշվիլու ուժը մրցելու է իշխող Վրացական Երազանքի թեկնածու, գործող քաղաքապետ Կախա Կալաձևի հետ: Առաջին փուլում Կալաձեն հավաքել է 45 տոկոս ձայն, իսկ Սաակաշվիլու ուժի թեկնածու Նիկա Մելիան՝ 34 տոկոս: Բայց, այժմ ընդդիմությունը փորձում է ձևավորել քաղաքական մեծ ու փոքր ընդդիմադիր ուժերի կոալիցիա և դա ստացվում է: Իսկ կոալիցիայի պարագայում ընտրության արդյունքը կարող է դառնալ խիստ անկանխատեսելի:

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի խոսքերով՝ Վրաստանի իշխանությունները առաջին փուլում  շրջանների մեծամասնությունում հաղթանակ են գրանցել և  նրանց համար կարևոր է նման արդյունք գրանցել նաև երկրորդ փուլի ժամանակ․«Կարելի է ասել, որ գործի մի մասն արել են, հիմա մնում է երկրորդ  մասը և նրանք անելու են մաքսիմալը, որ 20 շրջաններում ևս հաղթեն ու դրանով հարցը փակեն։ Իմ կարծիքով՝ Սաակաշվիլու վերադարձը բերեց նրանց, որ ինչ-որ զանգված ակտիվացավ։ Գուցե իր չվերադառնալու պարագայում՝ նրանք ավելի պասիվ լինեին»,-«Առաջին լրատվական»-հետ զրույցում ասաց նա։

Մելիքյանի դիտարկմամբ՝ եթե Թբիլիսում ու Քութաիսիում իշխանությունները կարող են ռեսուրսներ օգտագործելով ապահովել   հաղթանակ, ապա Զուգդիդիի պարագայում խնդիրն ավելի բարդ է լինելու, քանի որ այստեղի թեկնածուն «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի հայրն է՝ մասնագիտությամբ բժիշկ Անզոր Մելիան․«Այստեղ  բարդ իրավիճակ է, կարող է տոկոսների քիչ տարբերություն լինել, թեպետ իշխանությունները ձգտելու են ամեն տեղ էլ հաղթանակ ապահովել։ Երեկ բավականին ուժեղ ու ազդեցիկ ցույց արեցին, որով էլ եզրափակեցին նախընտրական շրջանը։ Եթե հոկտեմբերի 14-ին տարբեր տվյալներով ՝18-20․000-ից մինչև 40․000 մարդ էին նշում, երեկվա իշխանությունների ցույցին մոտ երկու անգամ ավելի մարդ էր հավաքվել։ Այս ամենը ցույց է տալիս, որ թեպետ մունիցիպալ ընտրություններ են, դրանք կարևոր է Վրաստանի ներքաղաքական կյանքում որոշ էջեր փակելու ու նոր շրջան սկսելու իմաստով։ Մինչև 2024 թվականը որևէ ընտրություն տեղի չի ունենալու, իսկ Սաակաշվիլու գործոնը այս փուլում կարևոր է»։

Մեր զրուցակիցը նկատում է, որ հացադուլ հայտարարած նախկին նախագահին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու հարցը կտրուկ չի դրվում․«Իշխանությունների մոտ կան մտահոգություններ, որ երբ Սաակաշվիլուն տեղափոխեն հասարակ հիվանդանոց, ինչքան էլ ապահովվի նրա անվտանգությունը, կա ռիսկ, որ իր կողմնակիցները կկարողանան գրավել հիվանդանոցն ու իրեն դուրս բերեն։ Իսկ այս ամենը կարող է նշանակել, որ մարդիկ կարող են փողոց դուրս գալ ու հեղափոխության սցենարի կրկնություն լինի։ Սա իշխանությունները փորձում են կանխել ու թույլ չտալ, որպեսզի նման ինչ-որ սցենար աշխատի»,-ընդգծեց նա։

Ջոնի Մելիքյանի դիտարկմամբ՝ Սաակաշվիլին պլանավորել են մեկ-երկու շաբաթում ամեն ինչ անել ու դուրս գալ բանտից, եթե դա չստացվի՝ ապա եղած պրոցեսների մեջ միգուցե ինքը ստիպված լինի մինչև 2024 թվականի ընտրությունները բանտում լինել․ «Միգուցե ապագայում արևմուտքի կողմից ճնշումներ լինեն ու որոշ պրոցեսներ ակտիվանալ, բայց եթե իրավիճակն այսպես է մնում՝ նա մինչև այդ թվականը կանցկացնի բանտում։ Ամեն դեպքում իշխանությունները անելու են հնարավոր ամեն ինչ բոլոր շրջաններում հաղթելու համար։ Այնպես չէ, որ իրենք դեմ են , որ որևէ շրջանում ընդդիմությունը հաղթի, բայց  նույնիսկ մեկ քաղաքում ընդդիմության հաղթանակը կամ կոալիցիոն կառավարությունը կբարդացնի իրավիճակը, քանի որ ընդդիմությունը կարող է դա պրոեկտել հանրապետության այլ շրջանների վրա։ Իշխանություններն այս առումով ունեն մտահոգություններ»։

Փորձագետի խոսքերով ՝ ընդդիմությունն էլ իր հերթին փորձում է ցույց տալ, որ իրենք բոլոր տեղերում մոբիլիզացված են, կա  լայն աջակցություն, կոալիցիաներ ու իրենք ամեն ինչ անելու են իշխանություններին տապալելու համար․«Միգուցե այն մարդիկ, որոնք չեն հասկանում համապետական ու մունիցիպալ ընտրությունների տարբերությունը մտածեն, որ այդ տրամաբանությամբ ինչ-որ փոփոխություն կարող է տեղի ունենալ, բայց գուցե այսպիսի հռետորաբանությամբ նրանք կարողանան ազդել այն մարդկանց վրա, որոնք կողմնորոշված չեն և դեռևս իրենց ընտրության հարցում տատանվում են»,-եզրափակեց նա։ 1in.am