EFSE-ն և TBC Bank-ը ընդլայնում են Վրաստանում ձեռներեցությանն ուղղված ֆինանսական աջակցությունը

EFSE-ն և TBC Bank-ը ընդլայնում են Վրաստանում ձեռներեցությանն ուղղված ֆինանսական աջակցությունը

Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը (EFSE) 10 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք վրացական լարիի վարկ կտրամադրի TBC Bank-ին` իր երկարամյա գործընկեր վարկային հաստատությանը: Այս ֆինանսավորմամբ օժանդակություն կցուցաբերվի Վրաստանի միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ-ներ) ու ավանդաբար անապահով խմբերին, ինչպիսիք են գյուղական բիզնեսները, ինչպես նաև կին և երիտասարդ ձեռներեցները:

«Թերսպասարկվող խմբերի համար միջոցների հասանելիության ապահովումը EFSE-ի գործունեության միջուկն է, իսկ TBC Bank-ը կատարյալ օրինակ է այն բանի, թե ինչի կարելի է հասնել առավելագույն միկրո մակարդակում՝ դրական ազդեցություն ունենալով ողջ տնտեսության վրա», – նշել է EFSE-ի խորհրդի նախագահ Կլաուս Մյուլերը:

TBC Bank-ը Վրաստանի խոշորագույն ֆինանսական հաստատությունն է, որը տիրապետում է շուկայական ակտիվների 39%-ին: Բանկը EFSE-ի գործընկերն է 2015 թվականի դեկտեմբերից:

  1. EU’s Special Representative for South Caucasus and Georgian crisis visits the region

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչն այցելել է տարածաշրջան

22 հոկտեմբերի, 2021թ.

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այս շաբաթ տարածաշրջանային այցով գտնվում է Հարավային Կովկասում։

Շաբաթվա սկզբին նա հանդիպումներ է ունեցել Բաքվում և Թբիլիսիում։

Հոկտեմբերի 21-ին նա այցելեց Երևան, որտեղ ունեցավ բարձր մակարդակի խորհրդակցություններ՝ շարունակելով քննարկումներն առ այն, թե ինչպես կարող է ԵՄ-ն աջակցել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանմանը։

Տոյվո Կլաարը հանդիպումներ ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ։

  1. Lawrence Meredith visits Georgia

Լոուրենս Մերեդիթն այցելել է Վրաստան

21 հոկտեմբերի, 2021թ.

Արևելյան գործընկերության և ինստիտուցիոնալ զարգացման հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը այս շաբաթ այցելել է Վրաստան՝ հիմնական դերակատարների հետ հանդիպելու և Վրաստանի համար ԵՄ տնտեսական և ներդրումային ծրագրի իրականացման ճանապարհային քարտեզը ներկայացնելու համար:

Հոկտեմբերի 20-ին Լոուրենս Մերեդիթը և Վրաստանում ԵՄ դեսպան Կարլ Հարցելը մեկնեցին Իմերեթի մարզ և Աջարիա՝ քաղաքացիներին հանդիպելու և այդ տարածաշրջաններում ԵՄ ծրագրերի իրականացման ընթացքը գնահատելու նպատակով։

ԵՄ պաշտոնյաներն այցելեցին «Baia’s Winery» ընկերություն, որը ԵՄ աջակցության շնորհիվ մեծացրել է իր արտադրությունը և աշխատանքով է ապահովել լսողության կորուստ ունեցող երիտասարդներին՝ շնորհիվ ԵՄ-ի «Հմտություններ՝ աշխատանքի համար» (Skills4Jobs) ծրագրի կողմից կազմակերպված աշխատանքի տոնավաճառի:

Հարցելը և Մերեդիթը մեկնեցին նաև Քոբուլեթիի մերձակայքում գտնվող Զենիթի փոքրիկ գյուղ, որը շուտով կօգտվի Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ այստեղ հասցված գերարագ ինտերնետ կապից։

Հոկտեմբերի 21-ին Լոուրենս Մերեդիթը մասնակցեց «Black Sea Connectivity Talks» խորագրով միջոցառմանը՝ քննարկելու Սևծովյան տարածաշրջանում տրանսպորտային և ինտերնետ կապի բարելավման և ավելի մաքուր միջավայր ապահովելու հնարավորությունները։

  1. TBC Bank in Georgia to receive EBRD and EU funding to boost small companies

ՎԶԵԲ-ը և ԵՄ-ն կֆինանսավորեն վրացական TBC Bank-ին՝ փոքր ընկերություններին աջակցելու համար

21 հոկտեմբերի, 2021թ.

ՎԶԵԲ-ը 25 միլիոն եվրոյի վարկ կտրամադրի Վրաստանի TBC Bank-ին՝ տեղական ընկերությունների վարկավորման համար: Այս ֆինանսավորման առնվազն 70 տոկոսը նպատակ ունի օգնել Վրաստանի միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ)՝ ավելի «կանաչ» և մրցունակ դառնալու հարցում։

Ի լրումն այս վարկի՝ ԵՄ-ն իր «EU4Business» (ԵՄ-ն՝ բիզնեսի համար) նախաձեռնության շրջանակներում կտրամադրի դրամաշնորհներ և անվճար տեխնիկական աջակցություն կցուցաբերի այդ վարկից օգտվողներին։

Փաթեթը թույլ կտա ընկերություններին թարմացնել իրենց ապրանքներն ու ծառայությունները և դրանք համապատասխանեցնել ԵՄ չափանիշներին: Այն նաև կօգնի արդիականացնել իրենց արտադրությունը և ավելի հաջող գործունեություն ծավալել արտաքին շուկաներում:

Այս աջակցությունը տրամադրվել է «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» – ՎԶԵԲ վարկային գծի ներքո, որը Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում հասանելի համատեղ ֆինանսական գործիք է և ուղղված է տեղական ընկերություններն ավելի «կանաչ» և մրցունակ դարձնելուն: 2016 թվականին ծրագրի գործարկումից ի վեր այս նախաձեռնությունից արդեն իսկ օգտվել են 170 վրացական ընկերություններ։

  1. Team Europe: EIB provides €6 million for COVID-19 recovery for Georgian businesses

Թիմ Եվրոպա. ԵՆԲ-ն 6 միլիոն եվրո է տրամադրում վրացական բիզնեսներին՝ COVID-19-ից վերականգնման համար

20 հոկտեմբերի, 2021թ.

Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) 6 միլիոն եվրոյի վարկ է տրամադրել Terabank Georgia-ին՝ երկրի միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) տեղական արժույթով վարկավորմանն աջակցելու նպատակով։

Այս վարկը ԵՆԲ-ի ՓՄՁ-ների աջակցման նախաձեռնության մի մասն է, որը խթանում է Վրաստանում ՓՄՁ-ների համար ֆինանսավորման մատչելիությունը՝ երկրի փոքր բանկերին օգնելով հատուկ ծառայություններ և ֆինանսական պրոդուկտներ առաջարկել իրենց հաճախորդներին:

Եվրոպական միության երաշխավորությամբ տրամադրված ԵՆԲ-ի ֆինանսավորումը նպատակ ունի մեղմել COVID-19 համավարակի ազդեցությունը և նպաստել տնտեսական վերականգնմանը, որը Վրաստանը կդնի երկարաժամկետ կայուն աճի ուղու վրա։ «Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակներում ԵՆԲ-ն ձեռք-ձեռքի տված գործակցում է Վրաստանում «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» (EU4Business) ապրանքանիշի ներքո իրականացվող ԵՄ այլ ծրագրերի հետ։

ՄՓՄՁ-ները Վրաստանի տնտեսության ողնաշարն են, և ֆինանսավորման մատչելիությունը նրանց առջև ծառացած հիմնական մարտահրավերներից մեկն է: Մինչ օրս ԵՆԲ-ն ավելի քան 300 միլիոն եվրո է ներդրել վրացական բիզնեսի համար նախատեսված վարկային գծերի մեջ՝ ավելի քան 54,000 աշխատատեղ ապահովելով երկրում:

  1. EU provides advanced document examination equipment to Georgia

ԵՄ-ն Վրաստանին փաստաթղթերի ստուգման առաջադեմ սարքավորումներ է տրամադրել

15 հոկտեմբերի, 2021թ.

ԵՄ-ն Վրաստանին նվիրաբերել է 70,000 եվրո (250,000 լարի) ընդհանուր արժողությամբ փաստաթղթերի ստուգման առաջադեմ սարքավորումներ, որոնք տեղի իշխանություններին կօգնեն պայքարել անօրինական միգրացիայի դեմ և ուժեղացնել սահմանների անվտանգությունը:

Նշված սարքավորումները կտեղակայվեն Ներքին գործերի նախարարության դատաքրեագիտական վարչության Քութաիսիի լաբորատորիայում և կնպաստեն Քութաիսիի միջազգային օդանավակայանում ճամփորդական փաստաթղթերի ստուգմանը։

Այս նվիրատվությունը կատարվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) կողմից միգրացիայի ու սահմանային կառավարման ոլորտներում իրականացվող խոշոր ծրագրի շրջանակում: Այս աջակցությանը կհետևեն գնումների և վերապատրաստման այլ գործողություններ, որոնք կապահովեն Վրաստանի սահմանների պաշտպանության կարողությունների հզորացումը՝ դեպի ԵՄ առանց վիզայի ճանապարհորդությունների կասեցման մեխանիզմի չափանիշներին համապատասխան:

  1. EU4Youth: regional portal to support social and green entrepreneurs from Georgia and Armenia

EU4Youth. առաջին տարածաշրջանային պորտալը՝ Հայաստանից և Վրաստանից երիտասարդ սոցիալական և կանաչ ձեռներեցներին աջակցելու համար

 EU4Youth-ը գործարկել է Idea Bank թվային հարթակը, որն իր տեսակի մեջ առաջինն է, որ նորահայտ սոցիալական և կանաչ ձեռներեցներին կապում է հարավկովկասյան տարածաշրջանի պոտենցիալ ներդրողների հետ: Դրա հիմնական նպատակը երիտասարդական նորարարական ձեռնարկատիրական գաղափարների բացահայտումն ու զարգացումն է:

Idea Bank-ը երիտասարդ ձեռներեցներին թույլ է տալիս ստեղծել իրենց սեփական պրոֆիլը և գրանցել սեփական բիզնես գաղափարը, ինչը հաջողությամբ անելուց հետո այն հասանելի է դառնում լայն լսարանի համար` գործարար ծրագրի մանրակրկիտ նկարագրությամբ:

Ներկայումս Idea Bank-ում ներկայացված է 33 գաղափար, որից 14-ը` Հայաստանից: Գրանցված ձեռներեցների թվում են այնպիսիք, որոնք վերջերես Կովկասի սոցիալական նորարարությունների դրամաշնորհային մրցույթի շրջանակներում ԵՄ դրամաշնորհներ են ստացել թափոնների կայուն կառավարման, էկոտուրիզմի, գյուղատնտեսության, էկոարտադրության և առողջապահության ոլորտներում իրենց սեփական բիզնեսը սկսելու համար:

Idea Bank ստեղծվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն երիտասարդների համար՝ Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում սահմանամերձ գյուղերում՝ կանաչ առաջընթացի համար» ծրագրի շրջանակներում:

  1. EU4Youth: grants for 27 social and green business ideas from Georgia and Armenia

EU4Youth. Հայաստանից և Վրաստանից 27 սոցիալական և կանաչ բիզնես գաղափարներ ստացել են դրամաշնորհներ

9 հոկտեմբերի, 2021թ.

Հոկտեմբերի 8-ին Թբիլիսիում կայացած մրցանակաբաշխության ժամանակ Հայաստանից և Վրաստանից 27 երիտասարդական, սոցիալական և կանաչ բիզնես գաղափարներ ստացել են ԵՄ դրամաշնորհներ՝ Կովկասի սոցիալական նորարարության դրամաշնորհային մրցույթի շրջանակներում: Մրցույթը ֆինանսավորվել է «ԵՄ-ն՝ երիտասարդների համար» (EU4Youth) ծրագրի շրջանակներում:

Հայաստանը և Վրաստանը ներկայացնող շահառու սուբյեկտները նախաձեռնություններ կմշակեն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են` թափոնների կայուն կառավարումը, էկոտուրիզմը, գյուղատնտեսությունը, էկոարտադրությունը և առողջապահությունը:

Կովկասի սոցիալական նորարարության դրամաշնորհային մրցույթը ֆինանսավորում է Վրաստանի և Հայաստանի սահմանամերձ համայնքների սոցիալական ու կանաչ բիզնես գաղափարները և ուղղված է 18-29 տարեկան երիտասարդներին, գյուղական վայրերում ապրող խոցելի խմբերին, էկոմիգրանտներին և էթնիկ փոքրամասնություններին:

«Կանաչ և սոցիալական բաղադրիչը շատ կարևոր է Եվրոպական միության համար։ Ես հնարավորություն ունեցա զրուցելու հաղթողներից մի քանիսի հետ և շատ ուրախ եմ, որ մեր օգնությամբ այս երիտասարդ ձեռներեցները կարողացել են հասնել իրենց նպատակներին»,- ասել է Վրաստանում Եվրոպական միության պատվիրակության երիտասարդական ծրագրերի ղեկավար Նինո Սամվելիձեն։

Հաղթողներից մեկը CHAMPY-ն էր՝ խնձորի առողջարար չիփսերի արտադրությամբ զբաղվող առաջամարտիկ ընկերություն, որն այժմ միավորում է 12 տեսակի արտադրանք։ Ձեռնարկությունը գործում է ծրագրի թիրախային համայնքներից մեկի՝ Գորիի օկուպացիոն գծի մատույցներում: «ԵՄ-ի աջակցությունը շատ կարևոր էր մեզ համար, քանի որ մենք ցանկանում էինք մեծացնել մեր արտադրության ծավալները։ Այս ծրագիրը ֆինանսական ռեսուրսների բաշխման միջոցով մեզ օգնեց արագացնել ինչպես սոցիալական և բնապահպանական առաքելության ավելի լավ ձևակերպման, այնպես էլ արտադրության դիվերսիֆիկացման գործընթացները», – նշել է CHAMPY-ի համահիմնադիր Թամար Շեիթնիշվիլին:

Ծրագրի շրջանակներում Կովկասի բնապահպանական հասարակական կազմակերպությունների ցանցը (CENN` ԿԲՀՑ) մասնակիցների հետ աշխատել է բիզնեսի արագացման համապարփակ ծրագրի միջոցով` հստակ սոցիալական և բնապահպանական առաքելություն, ինչպես նաև կենսունակ բիզնես մոդել ունեցող բիզնես նախագծեր երևան հանելու և մշակելու համար:

Պարգևատրման արարողությունը կազմակերպվել էր ԵՄ կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն՝ բիզնեսի համար՝ Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում (SEED) սահմանամերձ շրջաններում կանաչ առաջընթացի համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է CENN-ի կողմից՝ KRDF-ի (Վրաստան) և «Կանաչ Արահետ» ՀԿ-ի (Հայաստան) հետ համատեղ: Ծրագրի նպատակն է բացահայտել առավել խոցելի համայնքներում ձեռնարկատիրական ներուժը և խթանել ձեռնարկատիրական հնարավորությունները երիտասարդության շրջանում:

  1. EIB invests in safer and energy-efficient kindergartens in Armenia

ԵՆԲ-ն ներդրումներ է կատարում Հայաստանում մանկապարտեզների անվտանգության և էներգաարդյունավետության բարելավման ուղղությամբ

 26 հոկտեմբերի, 2021թ.

Հոկտեմբերի 26-ին Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) և Երևան քաղաքը ստորագրեցին Հայաստանի մայրաքաղաքի վեց մանկապարտեզների հիմնանորոգման, էներգաարդյունավետության և սեյսմակայունության բարելավման վերաբերյալ աշխատանքային պայմանագրեր:

Հիմնանորոգման միջոցները կհատկացվեն Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում, որն իրականացվում է 15 ԵՆԲ-ի և Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) բազմադոնոր հիմնադրամի 15 միլիոն եվրո ներդրումով: Ծրագրի նպատակն է բարելավել Երևանի 90 մանկապարտեզների էներգաարդյունավետությունը, սեյսմակայունությունը և սանիտարական պայմանները:

Երևանի էներգաարդյունավետության ծրագրով ֆինանսավորվում են շենքերի ջերմամեկուսացումը, ջեռուցման, հովացման և օդափոխության համակարգերի բարելավումը, ուժեղ երկրաշարժերին դիմակայելու համար սանդուղքների ամրացումը և սահմանափակ շարժունակություն ունեցող մարդկանց հարմարեցումը:

  1. Armenia: EU supports hackathon for cleaner water on Lake Sevan

ԵՄ-ն աջակցել է Սևանա լճի ջրային պաշարների որակի բարելավմանն ուղղված հաքաթոնին

«EU4SEVAN» ծրագրի կողմից հոկտեմբերի 15-ին կազմակերպված հաքաթոնին մասնակցելու հայտ էր ներկայացրել ավելի քան 100 ուսանող: Հաքաթոնի նպատակն էր օգնել համապատասխան պետական հաստատություններին բարելավել լճի մոնիթորինգն ու կառավարումը և արձագանքել ջրի որակի հետ կապված խնդիրներին։

«Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4SEVAN) ծրագրի նպատակն է աջակցել շրջակա միջավայրի պահպանության, պաշտպանության, բարելավման և վերականգնման շուրջ համագործակցությանը, ինչպես նաև բնական ռեսուրսների կայուն օգտագործմանը, որը ներառում է նաև ջրի որակի և ռեսուրսների կառավարումը:

Սևանա լճի ջրի որակի բարելավումը կնպաստի նաև կենսապահովման միջոցների բարելավմանը՝ ստեղծելով ավելի գրավիչ միջավայր զբոսաշրջիկների համար, ավելի լավ պայմաններ ձկնորսության համար, ինչպես նաև տեղական գյուղատնտեսության և տնտեսության բարելավման լայն հնարավորություններ։ 

  1. Armenia: inclusive tech courses for youngsters in Shirak

Ներառական տեխնոլոգիական դասընթացներ Շիրակի մարզի դեռահասների համար

ՀՀ Շիրակի մարզից հաշմանդամություն ունեցող դեռահասներն ու երիտասարդները մասնակցել են Եվրոպական միության ֆինանսավորմամբ «Upshift Գյումրի՝ Դեռահասների ներգավվածությունը տեխնոլոգիական ոլորտում» ծրագրի կողմից կազմակերպված քառօրյա բութքեմփին:

Բութքեմփի ընթացքում մասնակիցներն աշխատել են նորարարական տեխնոլոգիական նախաձեռնությունների վրա այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են զբոսաշրջությունը, շրջակա միջավայրը, հեռավար ուսուցումը և առողջապահությունը:

Ծրագիրը վեց ամիս տևողությամբ տեխնոլոգիական դասընթացներ է առաջարկում Շիրակի մարզում բնակվող 12-18 տարեկան դեռահասների և 12-24 տարեկան հաշմանդամ երիտասարդների համար: Դասընթացների ավարտին մասնակիցները կկարողանան պրակտիկա անցնել ՏՏ ընկերություններում և իրականացնել համայնքային զարգացման ծրագրեր` գործնականում կիրառելով ձեռք բերած հմտությունները:

Facts- Georgia: How to help your business recover after COVID, part 1

Ինչպե՞ս օգնել ձեր բիզնեսի վերականգնմանը COVID-ից հետո

  1. COVID-ն ուժեղ հարված հասցրեց իմ բիզնեսին: Որտե՞ղ կարող եմ ֆինանսավորում ստանալ վերականգնման համար:

ԵՄ-ն ֆինանսավորում և երաշխիքներ է առաջարկում տեղական ֆինանսական հաստատություններին` վարկերի դյուրացման համար: Սա տեղական վարկատուներին հնարավորություն է տալիս ավելի մատչելի ֆինանսավորում տրամադրել ՓՄՁ-ներին: Օրինակ, դուք կարող եք օգտվել ավելի ցածր տոկոսադրույքով վարկերից, մարման ավելի երկար ժամկետներից, գրավադրման նվազեցված պահանջներից, իսկ որոշ դեպքերում նաև արտարժույթի փոխարեն լարիով վարկերից: Ստուգեք, թե «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակներում ինչ կարող են առաջարկել հետևյալ վրացական բանկերը. «Կրիստալ» միկրովարկային կազմակերպություն, Բասիսբանկ, Վրաստանի բանկ, TBC բանկ:

Ահա ՓՄՁ սեփականատերերի որոշ օրինակներ, որոնք օգտվել են տվյալ հնարավորությունից:

Բարձրորակ սառեցված խմորեղեն արտադրող «Food Alliance» ընկերության ֆինանսական տնօրեն Նատյա Խելայան «ԵՄ-ն՝ բիզնեսի համար»-ՎԶԵԲ վարկային գծի միջոցով ստացել է վարկավորում, որը ներառում է 15%-ի չափով գումարի հետվերադարձի արտոնություններ, որոնք ֆինանսավորվում են «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության ներքո: Սա ընկերությանը թույլ տվեց անհրաժեշտ գույք և սարքավորումներ ձեռք բերել իր գործարանի համար՝ արտադրության ընդլայնման հետ մեկտեղ 50%-ով բարձրացնելով արդյունավետությունը:

Միխեիլ Մելուան «ԵՄ-ն՝ բիզնեսի համար»-ՎԶԵԲ վարկային գծի աջակցությամբ ընդլայնեց իր դափնու տերևներ արտադրող «Black Sea Laurus» ընկերության արտադրական հզորությունները, ձեռք բերեց ժամանակակից սարքավորումներ, սննդամթերքի անվտանգության չափանիշներն էլ համապատասխանեցրեց ԵՄ պրակտիկաներին: Արդյունքում, «Black Sea Laurus»-ը ստեղծեց 8 մշտական ու մոտ 100 սեզոնային տեղական նոր աշխատատեղեր և սկսեց իր արտադրանքն արտահանել եվրոպական շուկաներ՝ կրկնապատկելով արտադրությունն ու եկամուտը:

  • Ինչպե՞ս կարող եմ դիմել բանկային վարկավորման համար: Ինչպիսի՞ պահանջներ կան:

ԵՄ-ն հնարավորությունների լայն ընտրանի է առաջարկում տարատեսակ ՓՄՁ-ների համար: Օրինակ, ԵՄ-ն արտոնյալ վարկեր է տրամադրում թերսպասարկվող միկրոձեռնարկություններին և ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսություններին, ինչպես նաև ագրոպարենային, արտադրության, ծառայությունների, անշարժ գույքի ոլորտներում գործող ՓՄՁ-ներին: Գրավիչ հնարավորություններ կան նաև այն ձեռնարկությունների համար, որոնք ձգտում են խթանել առևտուրը ԵՄ-ի հետ և իրենց բիզնեսը համապատասխանեցնել ԵՄ չափանիշներին, ինչպես նաև՝ կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ների համար:

ԵՄ գործընկեր բանկերի պայմաններին կարող եք ծանոթանալ «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» ծրագրի կայքում ու պարզապես ուղղակիորեն զանգահարել բանկ: Չմոռանաք նշել ծրագրի անվանումը: Ամեն ինչ շատ պարզ է:

  • Ես լսել եմ վարկերի մասին, բայց կա՞ն արդյոք փոքր ընկերությունների համար հասանելի դրամաշնորհներ:

Այո, այդպիսիք կան:

Օրինակ, սննդամթերքի արտադրությունը բարելավելու և գյուղական աղքատությունը նվազեցնելու համար տեղական ամենաարդյունավետ և կայուն լուծումները կարող են դրամաշնորհներ ստանալ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «ENPARD/ԵՀԳԳԶԾ» ծրագրի III փուլի շրջանակներում:

Opportunities

  1. European Solidarity Corps: one year of creative work with youngsters in Latvia

Եվրոպական համերաշխության կորպուս. մեկ տարի տևողությամբ ստեղծագործական աշխատանք Լատվիայի դեռահասների հետ

«CREATING TO BE» ծրագիրը Վրաստանում փնտրում է 18-30 տարեկան կամավորների՝ Լատվիայում Լիեպայայի երեխաների և երիտասարդների կենտրոնի «Երիտասարդական տան» գործունեությունում դեռահասների մասնակցությունը խթանելու համար։

Եվրոպական համերաշխության կորպուսի ծրագիրը նպատակ ունի ներգրավել դեռահասներին՝ մասնակցելու ստեղծագործական միջավայրում ոչ ֆորմալ միջոցառումների կազմակերպմանը, որոնք օգտակար են տեղական հասարակության, ինչպես նաև կամավորների համար և ներառում են նոր հմտություններ սովորելու, մշակութային բազմազանության բացահայտման, երիտասարդների շրջանում համերաշխության և փոխըմբռնման զարգացմանն ուղղված գործողություններ։

Հյուրընկալող կազմակերպությունը կհոգա կամավորների տոմսերի, կեցության և սննդի ծախսերը, ինչպես նաև կտրամադրի ամսական 120 եվրո գումար՝ առօրյա ծախսերի համար:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 7-ն է։

  1. EBRD Literature Prize 2022: Eastern partner countries can apply

ՎԶԵԲ գրականության մրցանակ 2022. Արևելյան գործընկերության երկրները ներկայացնող հեղինակները նույնպես իրավասու են դիմել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Բրիտանական խորհրդի հետ համագործակցությամբ հայտարարել է 2022 թվականի ՎԶԵԲ գրականության մրցանակի համար հայտերի ընդունման մեկնարկի մասին:

Մրցանակը կտրվի գեղարվեստական գրականության լավագույն ստեղծագործության (ներառյալ մեկ հեղինակի պատմվածքների հավաքածուի) ինչպես գրողին, այնպես էլ թարգմանչին, որը բնօրինակով գրվել է ՎԶԵԲ գործունեության երկրներից մեկի (այդ թվում՝ Արևելյան գործընկերության երկրների) լեզվով և թարգմանվել անգլերեն:

Գիրքը պետք է առաջին անգամ տպագրված լինի եվրոպական (այդ թվում՝ բրիտանական) հրատարակչության կողմից՝ 2020 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2021 թվականի նոյեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում:

20,000 եվրոյի չափով առաջին մրցանակը հավասարապես կբաշխվի հաղթող հեղինակի և թարգմանչի միջև: Երկրորդ տեղը զբաղեցրած երկու գրքերը կստանան 4000-ական եվրո մրցանակ, որը նույնպես հավասարապես կբաշխվի հեղինակի և թարգմանչի միջև:

Հրատարակիչների համար դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2021 թվականի նոյեմբերի 30-ը:

  1. EU grants to boost innovation, digitalisation and investment in the Black Sea blue economy

ԵՄ-ն տրամադրում է դրամաշնորհներ՝ խթանելու Սև ծովի «կապույտ» տնտեսությունում նորարարությունները, թվայնացումը և ներդրումները

Ծովային տրանսպորտի, ձկնորսության և ջրային կուլտուրաների եվրոպական հիմնադրամը (EMFAF) հայտարարել է մրցույթ սևծովյան տարածաշրջանի, այդ թվում՝ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ՓՄՁ-ների ու ստարտափների համար։

Ծրագրային առաջարկները կմիավորեն ԵՄ-ում և վերջինիս չանդամակցող սևծովյան տարածաշրջանի երկրներում «կապույտ» տնտեսության շահագրգիռ կողմերին՝ վեր հանելու և արձագանքելու տեղական կարողությունների զարգացման կարիքներին՝ խթանելով Սև ծովի «կապույտ» տնտեսությունում նորարարությունները, թվայնացումը և ներդրումները:

Առաջարկները պետք է ներկայացվեն առնվազն երեք դիմորդներից բաղկացած կոնսորցիումի կողմից, ներառյալ առնվազն երկու ԵՄ-ին չանդամակցող և մեկ ԵՄ անդամ երկիր: Բոլոր երեք դիմորդները պետք է լինեն Սև ծովի ընդհանուր ծովային օրակարգի մասնակիցներ:

Առաջարկները պետք է առաջին հերթին կենտրոնանան ափամերձ և ծովային զբոսաշրջության, ձկնորսության և ջրային կուլտուրաների, ծովային տրանսպորտի, նավաշինության, «կապույտ» կենսատեխնոլոգիաների, ծովային վերականգնվող էներգիայի և այլնի վրա: Առաջարկները կարող են նաև ուսումնասիրել նավահանգիստների՝ որպես կապույտ տնտեսության արագացուցիչների զարգացման գործում ՓՄՁ-ների/ստարտափների ներուժը։

Յուրաքանչյուր նախագծին EMFAF-ը կտրամադրի 300,000-ից մինչև 500,000 եվրո դրամաշնորհ։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2022 թ. հունվարի 12-ն է։

  1. EU and WECF Georgia launch Media4Equality Award

ԵՄ-ն ու WECF Վրաստանը մեկնարկում են Media4Equality մրցանակը

«Կանայք հանուն ընդհանուր ապագայի – Վրաստան» (WECF Վրաստան) կազմակերպությունը Եվրոպական միության աջակցությամբ մեկնարկել է նոր «Media4Equality» մրցանակաբաշխությունը՝ լրագրողների, լուսանկարիչների, բլոգերների և սոցիալական ցանցերում բովանդակություն ստեղծողների /ազդեցիկ գործիչների գործունեության մեջ գենդերային հավասարությունը խթանելու նպատակով։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2021 թ. նոյեմբերի 11-ն է։

2021 թվականի «Media4Equality» մրցանակը ներառում է չորս անվանակարգ՝ «Լավագույն ազգային մուլտիմեդիա արտադրանք» (հեռուստատեսային ռեպորտաժ/ ռադիո ռեպորտաժ/ առցանց բովանդակություն), «Լավագույն տարածաշրջանային մուլտիմեդիա արտադրանք», «Սոցիալական ցանցերի և/կամ կայքերի բովանդակության լավագույն ստեղծող», «Լավագույն վիզուալ պատում» (որմնանկարներ, լուսանկարների վրա հիմնված բովանդակություն):

Յուրաքանչյուր անվանակարգի հաղթողը կստանա 1500-ական եվրո մրցանակ:

Ակնկալվում է, որ հայտերը կնպաստեն կանանց հզորացմանը՝ անդրադառնալով կարծրատիպերին, ցույց տալով հասարակության մեջ և աշխատաշուկայում կանանց հավասար մասնակցության խոչընդոտները և գենդերային առումով զգայուն այլ թեմաներ:

  1. Grants to support green energy market in Georgia

Վրաստանի կանաչ էներգետիկ շուկային աջակցման դրամաշնորհներ

Եվրոպական միությունը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) և Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության Գյուղական զարգացման գործակալությունը գյուղական տնային տնտեսություններին և ձեռնարկություններին հրավիրում են մասնակցելու «Կանաչ համընկնման դրամաշնորհներ» ծրագրին և օգտվելու էներգաարդյունավետ և վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաներից:

Դրամաշնորհային ծրագիրը կիրականացվի Ախալքալաքի, Բորժոմի, Դեդոպլիսծկարոյի, Կազբեգի, Կեդայի, Խուլոյի, Լագոդեխի և Տետրիծկարոյի տարածաշրջաններում։ Ֆինանսավորումը նախատեսված է նրանց համար, ովքեր պատրաստ են անցնել պարզ և արդյունաբերական արևային ջրատաքացուցիչների ու արևային օդատաքացուցիչների կամ իրականացնել մասնակի կամ լրիվ ջերմամեկուսացում։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2021 թ. դեկտեմբերի 31-ն է։

 Այս նախաձեռնությունը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ENPARD ծրագրի մասն է, որն աջակցում է Վրաստանի գյուղատնտեսությանը և գյուղական համայնքների զարգացմանը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 234,5 մլն եվրո։

«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:

Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից  ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։

Radio NOR · EFSE-ն և TBC Bank-ը ընդլայնում են Վրաստանում ձեռներեցությանն ուղղված ֆինանսական աջակցությունը