Մադաթափան ցամաքում է | Լճի կենտրոնում նոր կղզի է հայտնվել

Մադաթափան ցամաքում է | Լճի կենտրոնում նոր կղզի է հայտնվել

Մեռնող լիճը, կամ նոր ծնվող կղզին։

Ջավախեթիի պահպանվող տարածքների կազմի մեջ մտնող և ամենահարուստ թռչնատեսակով լիճը՝ Մադաթափան, շարունակում է ցամաքել, դրա համար կան մի քանի  պատճառներ, հիմնականը կոտրված ջրապատնեշն է, որը տարիներով է արդեն խոստացվում է, որ կկառուցվի,  բայց այդպես էլ չի կառուցվում։ Պահպանվող տարածքների տնօրեն Թամազի Մետրեվելին ասում է, որ այն կառուցելու պատասխանատվությունը իր վրա է վերցրել մելորացիան, որը զբաղվում է հողային և ջրային պաշարների պայմանների բարելավմամբ, սակայն ինքը տեղեկություն չունի թե ինչ փուլում է գտնվում այն։ Մետրեվելին նաև ավելացրեց, որ ջրապատնեշի կառուցման համար մեկ անգամ հայտարարվել է մրցույթ որը չի կայացել՝ մասնակիցներ չլինելու պատճառով։

Մադաթափա լճի շուրջ կան մեծ հողատարածքներ։ Բնակիչները ենթադրում են, որ ջրապատնեշը չի կառուցվում այն պատճառով, որ ջրի մակարդակի բարձրացման դեպքում այդ հողատարածքները կհայտնվեն ջրի տակ և դա ձեռնտու չէ հողատերերին։

Ինչ վերաբերվում է լճի ցամաքման մեկ այլ պատճառի՝ ջուր կլանող ստորգետնյա անցքերին, ապա Թամազի Մետրեվելին ասում է, որ դրանք բնական երևույթներ են և հնարավոր չէ փակել։ Դա պետք է ուսումնասիրեն մասնագետները։

Թամազի Մետրեվելիի հետ հարցազրույցը կարող եք լսել ստորև տեղադրված աուդիոնյութում։

Radio NOR · Մադաթափան ցամաքում է
Մադաթափայի կոտրված ջրապատնեշը

Երկար տարիներ բարձրաձայնվող խնդիրը չի լուծվում, Մադաթափայի կենտրոնում էլ նոր կղզի է հայտնվել։ Շատերը դա կապում են սեզոնի հետ նշելով, որ աշնանը ջրի մակարդակը աստիճանաբար իջնում է հետևաբար երևում է ցամաքը։ 

Մադաթափայի կենտրոնում հայտնված կղզին

NOR ռադիոկայանի տարբեր թվականների, սակայն նույն ամսին կատարած լուսանկարները և եղանակային ինֆոգրաֆիկաները այլ բան են ցույց տալիս։

Ստորև տեղադրված լուսանկարը NOR ռադիոկայանը արել է 2020 թվականի օգոստոսի 22-ին, որտեղ ոչ մի կղզի չի երևում։ Նշենք, որ 2020 թվականի օգոստոս ամսին տեղումները ավելի սակավ էին քան 2021 թվականի օգոստոսին։ Նույնն էլ վերաբերվում է ամբողջ տարվան, երբ տեղումները 2021 թվականին ավելի ինտենսիվ էին, քան 2020 թվականին։ Ստացվում է, որ երբ տեղումները քիչ էին, լճի կենտրոնում կղզի չէր հայտնվել, իսկ երբ տեղումները ինտենսիվ են՝ հայտնվել է կղզի։ Կարելի է ենթադրել, որ աշնան սեզոնը և տեղումները կղզու հայտնվելու փաստի հետ կապ չունեն։

2020թ. 17 Օգոստոս

Ստորև տեղադրված լուսանկարը NOR ռադիոկայանը արել է 2021 թվականի օգոստոսի 17-ին, որտեղ երևում է լճի կենտրոնում հայտնված նոր կղզին, նախկինում նման դեպք չէր արձանագրվել։ Միայն լճի առափնյա շրջաններում՝ աշնան ամիսներին առաջանում են ճահճուտներ։

2021թ. 22 Օգոստոս

Ներքևում տեղադրված եղանակային ինֆոգրաֆիկան ցույց է տալիս Մադաթափա լճի ափին գտնվող Ժդանովական գյուղի կլիման՝ 2020 թվականի օգոստոս ամսվա կտրվածքով, որտեղ դեղին ֆոնի վրա ցույց է տրված տեղումների քանակը։ Դրան կից ցույց է տրված 2021-ի օգոստոս ամսի տեղումների քանակը։ Տեղումների համեմատությունը պարզ երևում է։

2020 -2021 թվականների տեղումների ինտենսիվությունը՝ Օգոստոսի կտրվածքով

Ստորև տեղադրված եղանակային ինֆոգրաֆիկայում ցույց է տրված Ժդանովականի տարեկան տեղումների քանակը։ Ինֆոգրաֆիկայում պարզ երևում է, որ 2021֊ի տեղումները գերազանցում են 2020֊ի տեղումների քանակին։ Հետևաբար կախված տեղումների քանակից լճում ջրի մակարդակը 2021-ին պետք է բարձր լիներ և կղզին չհայտնվեր։

2020-2021 թվականների տեղումների ինտենսիվությունը ՝ մեկ տարվա կտրվածքով

Ավելացնենք, որ NOR ռադիոկայանը ջրապատնեշի կոտրված վիճակի և լճի ցամաքելու խնդրով հերթական պաշտոնական նամակն է ուղարկել Շրջակա միջավայրի ազգային գործակալություն և սպասում է պատասխանի։ Պատասխանը ստանալուն պես այն կհրապարակենք Nor.ge մեր կայքում։

Ուշ աշնանը լճի առափնյա շրջաններում այսպիսի իրավիճակ է։
Լճի մեջ առաջացած մեկ այլ կղզյակ։
Ջրապատնեշի մոտ առկա են ջրային երկու լայն կանալները, որտեղից գարնանը և ամռանը ջուրը անխնա հոսում է։