Նավթի և գազի պետական գործակալության 2021 թվականի ութ ամիսների տվյալների համաձայն՝ Վրաստանը արդյունահանել է 26 հազար տոննա հում նավթ և 14 միլիոն խորանարդ մետր գազ։ 2020 թվականին ընդհանուր տարեկան արդյունահանումը կազմել է 30 հազար տոննա հում նավթ և 10 միլիոն խորանարդ մետր գազ։
2020 թվականի առաջին ութ ամիսների տվյալների համեմատ՝ այս տարի նավթի արդյունահանումն աճել է 36 տոկոսով։
Գործակալության տվյալներով, Վրաստանում նավթի որոնողական և արդյունահանման աշխատանքներն իրականացնում են 11 ներդրող ընկերություններ, որոնք ընտրվել են միջազգային մրցույթների միջոցով՝ պետության հետ արտադրանքի բաշխման 25 պայմանագրերի հիման վրա։
«Արդյունահանման զգալի աճ է առաջացրել նավթային ընկերությունների կողմից իրականացվող աշխատանքի ժամանակակից մեթոդները, մասնավորապես՝ հորիզոնական, ծայրահեղ կարճ շառավղով հորատումը, եռաչափ սեյսմիկ հետախուզումը և մագնիսական երկրաֆիզիկական հետազոտությունները։ Նորացված հորերի շահագործման արդյունքում բացահայտվել են զգալի հեռանկարներ նավթի և գազի արդյունահանման ավելացման համար արևմտյան Ռուսթավի հանքավայրում և հարակից հանքավայրերում (Սամգորի-Պատարձեուլի, Թելեթի), որտեղ արդեն նախատեսվում են նմանատիպ աշխատանքներ։
Նշենք, որ Վրաստանում արդյունահանվող նավթն ամբողջությամբ կվերամշակվի տեղում՝ երկու նավթավերամշակման գործարաններում։ 2020 թվականին ընդհանուր առմամբ վերամշակվել է 28437 տոննա նավթ։ 2021 թվականի երեք եռամսյակների տվյալներով՝ վերամշակվել է 28 932 տոննա նավթ, ինչը շատ ավելին է, քան 2020 թվականի երեք եռամսյակների տվյալները (19 000 տոննա նավթ)։ Ուստի, կարելի է ասել, որ նավթի վերամշակումն աճել է 47 տոկոսով»,- նշել են Նավթի և գազի պետական գործակալությունում։ 1tv.ge