Անվանվել են երկրները, որոնք շուտով կանհետանան Երկրի երեսից

Անվանվել են երկրները, որոնք շուտով կանհետանան Երկրի երեսից

Գլոբալ տաքացումը կհանգեցնի մի քանի կղզի պետությունների անհետացմանը՝ սառույցի հալման և ծովի մակարդակի բարձրացման պատճառով։ Այդ մասին գրում է Express թերթը։

Տարածքները, որոնք կարող են տուժել կլիմայական փոփոխություններից դրանք են՝ Կիրիբատին, Տուվալուն ու Մարշալյան կղզիները։

Կիրիբատիում գործող համաշխարհային բնապահպանական ոչ կառավարական կազմակերպության՝ Կլիմայի գործողությունների ցանցի համակարգող Պելենիզա Ալոֆան ասել է, որ Գլազգոյում ՄԱԿ-ի գագաթնաժողովը կենսական իրադարձություն է կղզի պետությունների համար: Նա հիշեցրել է, որ ծովի մակարդակի բարձրացումը և արևադարձային փոթորիկների ուժգնացումը վտանգ են ներկայացնում տարածաշրջանի մարդկանց կյանքի և գյուղատնտեսության համար:

«Մենք չենք խոսում մեկանգամյա իրադարձությունների մասին: Խոսքը բնական երևույթի մասին է, որը սպառնում է ամբողջությամբ կուլ տալ մեր տները», – ասել է Ալոֆան:

Հրատարակության համաձայն՝ Կիրիբատիի նախկին նախագահ Անոտե Տոնգը, ելույթ ունենալով Գլազգոյում COP26 գագաթնաժողովում, խոսել է իր երկրի համար կլիմայի փոփոխության սպառնալիքների մասին։ Նա նաև քննադատել է Ավստրալիայի քաղաքականությունն այս ոլորտում, ասվում է հոդվածում։

Գիտնականները բազմիցս մատնանշել են Երկրի վրա ջերմաստիճանի բարձրացումը մեկուկես-երկու աստիճան Ցելսիուսի սահմաններում սահմանափակելու անհրաժեշտությունը՝ գլոբալ տաքացման բացասական հետևանքները մեղմելու համար: Այդ նպատակով ավելի քան 190 պետություն 2015 թվականին ստորագրել է Փարիզի համաձայնագիրը, որը նախատեսում է այս նպատակին հասնելու գործողությունների կոնկրետ ծրագիր։ Փաստաթուղթը չի ենթադրում հանածո վառելիքի ամբողջական հեռացում, սակայն երկրները պետք է միջոցներ ձեռնարկեն ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու և էներգիայի վերականգնվող աղբյուրներին անցնելու համար։