Նինոծմինդա քաղաքում և Սաղամո գյուղում սկսվել են մինի մարզադաշտերի շինարարությունը։
Մինի մարզադաշտերի կառուցման համար տեղական բյուջեից հատկացվել է 143 հազար լարի։ Մրցույթը շահել է Ռազմիկ Ղումաշյանին պատկանող ընկերությունը՝ 142`412 լարիով։
Նինոծմինդա քաղաքում (Նորաշենի հատվածում) մինի մարզադաշտի կառուցման համար հատկացվել է 67 հազար լարի, իսկ Սաղամո գյուղում մարզադաշտի կառուցմանը՝ 76 հազար լարի։
Ինչպես նշում են բնակիչները, մարզադաշտերի կառուցումը ինչպես քաղաքում, այնպես էլ գյուղերում դրական ազդեցություն կունենա սպորտի զարգացման վրա։ Երիտասարդները գոնե իրենց ազատ ժամանակն անցկացնելու տեղ կունենան։
Աշխատանքները կատարող շինարարական ընկերության ներկայացուցիչ Արմեն Հովսեփյանի խոսքով, երկու մարզադաշտերի շինարարությունն արդեն սկսվել է, և եթե եղանակը թույլ տա, ծրագրի բոլոր աշխատանքները կավարտվեն ժամանակին։ Սաղամո գյուղում մեծ մարզադաշտ կկառուցվի, պարիսպ կտեղադրվի։
Նշենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի տեղական բյուջեից 457 624 լարի է տրամադրվել մունիցիպալիտետում 2021 թվականին 11 մինի մարզադաշտերի կառուցման և վերանորոգման համար։ Այս ծրագրի համար նախատեսված բոլոր աշխատանքներն ավարտված են։