Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Փարիզում ՅՈւՆԵՍԿՕ-ի ստեղծման 75-ամյակին նվիրված համաժողովում հանդես է եկել կովկասյան լեզուների միջազգային օր ստեղծելու նախաձեռնությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Վրաստանի նախագահի աշխատակազմից:
«Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել կովկասյան լեզվաընտանիքի վրա, դա Եվրասիական մայրցամաքում ամենափոքր լեզվաընտանիքն է, սակայն այն տասնյակ լեզուներ է ընդգրկում: Աբխազերենը մեկն է այն լեզուներից, որը հնագույն ժամանակներից ի վեր ներկայացնում է Կովկասը: Բոլոր այդ լեզուները, բացառությամբ վրացերենի, գտնվում են անհետացման վտանգի առաջ»,- ասել է Զուրաբիշվիլին՝ նշելով, որ պետք է փոխել ստեղծված իրավիճակը: «Դիմում եմ ձեզ՝ կազմակերպությանը մի նախաձեռնությամբ, որի նպատակն է հրավիրել միջազգային հանրության ուշադրությունն ու ներգրավվածությունը՝ սահմանելու կովկասյան լեզուների միջազգային օր: Մենք պետք է փրկենք դրանք»,- ասել է նա:
Կովկասյան լեզվաընտանիքում հաշվվում է ավելի քան 30 լեզու, որոնք միավորված են 4 խմբում: 1in.am