Պուզ աղբյուրն ու Եմլիկլին | Եղե՞լ եք այստեղ | Լուսանկարներ

Պուզ աղբյուրն ու Եմլիկլին | Եղե՞լ եք այստեղ | Լուսանկարներ

Եմլիկլի սարը գտնվում է Սամցխե-Ջավախեթիի և Քվեմո-Քարթլիի միջև, Մադափափա լճի և  համանուն սարի (Քաչալ գորի) հետնամասում։ Եմլիկլիի բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 3054 մ։ Եմլիկլին Փոքր Կովկասի լեռների ամենաբարձր գագաթներից է և գտնվում է Ջավախքի լեռնաշղթայում։ Տեղացիները ասում են, որ իսկական Քաչալ գորին հենց Եմլիկլին է։

Սարի գագաթից բացվում է արտակարգ գեղեցիկ տեսարան, որտեղից երևում են Կովկասյան լեռնաշղթան, Արագածը, հայկական Աչքասարը, տարածաշրջանի ամենամեծ հրաբխային խառնարաններից մեկը, Դմանիսին և իր շրջանի մի շարք գյուղեր, Ջավախքի լեռները, մի քանի լճեր ու բնակավայրեր։

Ամենատպավորիչը այն է, որ բարձրանալով լեռան գագաթ միանգամից նկատելի է, անհայտ ժամանակներում այդտեղ տեղի ունեցած հզոր հրաբխի հետքերը։

Բացի այդ, Եմլիկլի կատարած մեր ճանապարհորդության ընթացքում այցելեցինք մոտակայքում գտնվող ամենահեղինակավոր վայրերից մեկը՝ Պուզ աղբյուրը։

Մանրամասները՝ Արկադի Սիմոնյանի ֆոտոշարքում.

Եմլիկլին, որի վրա պարզ երևում է լավայի քարացած հոսքագիծը։

Հեռվում երևում է Մադաթափա լիճը ու Մադաթափա ( Քաչալ գորի) սարը՝ հակառակ կողմից։

Աբուլն ու հեռվում Կովկասյան լեռները՝ Եմլիկլիի գագաթից։

Եմլիկլիի գագաթին կա մի գեղեցիկ արահետ, որը հեռվից կարծես թե վերջանում է օդի մեջ ու սկսվում են Դմանիսիի լեռները։

Հայկական Աչքասարը, չեզոք գոտին, Վրաստանի տարածքի մեջ մտնող ամենամեծ հրաբխային խառանարաններից մեկը և մեր տարածաշրջանում հաճախ տեղի ունեցող երկրաշարժերի էպիկենտրոնը։

Հրաբխային խառնարանը:

Եմլիկլիի գագաթի ժայռաբեկորները։

Գագաթից երևում է Դմանիսիի լեռները։

Եմլիկլիի հակառակ կողմում՝ հարթավայրի վրա այսպիսի տեսարան է։ Որտեղ հոսել է հրաբխային լավան ու հիմա այս տեսքն ունի։

Սարի գագաթին երևում են լավայի քար դարձած հոսքագծերը։

Հրաբխային քարը՝ սարի գագաթին։

Շերտավոր ամբողջական քարեր շատ են հանդիպում սարի վրա։

Ցրտից և խոնավությունից քարերը սարի վրա այս կերպ են մամռակալված։

Կանոնավոր ժայռաբեկորները՝ սարի գագաթին։

Ժայռաբեկորն ու Աբուլը։

Զբոսաշրջիկները և հովիվները սարի գագաթին կառուցում են փոքրիկ քարե բուրգեր։

Մադաթափա (Քաչալ գորի) սարի հետնամասում է գտնվում գրեթե բոլորին քաջ հայտնի Պուզ աղբյուրը։ Պուզ աղբյուրը բոլոր ժամանակներում եղել և մնում է հյուրերի և տեղացիների համար ամենապատվավոր վայրը, որտեղ այցելում են խմելու Պուզ աղբյուրի ջուրը։ Սակայն աղբյուրի հատակին այսօր ջուր չկա, այն ցամաքած է։

Պուզ աղբյուրի մոտ առկա է երկաթյա խողովակ, որի վրա կապված են տարբեր տեսակի կտորներ ու հագուստներ։ Հավանաբար այն քոչվոր հովիվների համար սրբատեղի է։ Բացի այդ աղբյուրի մոտ տեղադրված են երկաթյա սեղաններ և նստարաններ։

Քաչալ գորու վրա ագամ արևն է յուրահատուկ գեղեցիկ։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում.