20 տարի անց Հայաստանն ունեցավ օլիմպիական չեմպիոն: Գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դարձավ անկախ Հայաստանի պատմության երկրորդ օլիմպիական չեմպիոնը՝ կրկնելով Արմեն Նազարյանի հաջողությունը: Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 98 կգ քաշային կարգի եզրափակիչում աշխարհի կրկնակի չեմպիոնը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ կուբացի Դանիել Յասմանի Կաբրերայի նկատմամբ:
Առաջին մրցափուլն անցում էր հավասար պայքարում: Միջնամասում կուբացուն պարտեր նստեցրին, իսկ Արթուր Ալեքսանյանը կատարեց 2 միավորանոց գլորում: Հայ ըմբիշը մինչեւ ընդմիջում պահպանեց 2 միավորի առավելությունը:
Երկրորդ մրցափուլում Արթուրին զգուշացրին պասիվության համար եւ պարտեր նստեցրին, բայց մրցակիցը չկարողացավ միավոր վաստակել: Գոտեմարտի ավարտից 1 րոպե առաջ արդեն կուբացին հայտնվեց ծնկած դիրքում: Արթուր Ալեքսանյանը վաստակեց եւս մեկ միավոր եւ հաղթեց 3:0 հաշվով:
Այս գոտեմարտով Ռիո-2016-ի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարն ավարտվեց: Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը մեկ ոսկե եւ մեկ արծաթե մեդալով թիմային հաշվարկում գրավեց երրորդ տեղը՝ զիջելով միայն Կուբային ու Ռուսաստանին:
Արթուր Ալեքսանյանը դարձավ Հայաստանի պատմության 14-րդ օլիմպիական չեմպիոնը:
Հիշեցնենք, որ գյումրեցի ըմբիշը մեկնարկել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 5:2 հաշվով հաղթել էր իտալացի 30-ամյա Դաիգորո Տիմոնչինիին, իսկ հաջորդ փուլում 2 րոպե 11 վայրկյանում 8:0 հաշվով առավելության էր հասել ռումինացի Ալին Ցիուրարուի նկատմամբ: Կիսաեզրափակիչում Արթուրի մրցակիցն էր թուրք Չենկ Իլդեմը, որին նա ժամանակից շուտ պարտության մատնեց 9:0 հաշվով:
www.news.am